ԴԱԻՇ-ը Պալմիրայում ոչնչացրել է Բելի տաճարը. ՄԱԿ
ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են արբանյակային լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ Սիրիայի Պալմիրա քաղաքում Բելի հնագույն տաճարը ոչնչացվել է ԴԱԻՇ-ի զինյալների կողմից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Սիրիայից տեղեկություններ էին հասել Բելի տաճարի պայթեցման մասին:
Սիրիայի հնագույն հուշարձանների պահպանության գերատեսչության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը ենթադրում էր, թե շինության կոնստրուկցիան, որն ունի 2000 տարվա պատմություն, կարող էր անվնաս մնալ պայթեցման հետևանքով:
Դատելով տիեզերքից արված լուսանկարներից՝ Բելի տաճարից գրեթե ոչինչ չի մնացել, հայտնել են ՄԱԿ-ի փորձագետները:
«Մենք կարող ենք հաստատել Բելի տաճարի հիմնական շինության ու նրա սյունաշարերի ավերման փաստը»,- ասվում է ՄԱԿ-ի գիտահետազոտական ու ուսումնական ինստիտուտի հայտարարության մեջ:
Ականատեսներից ոչ ոք դեռ չի կարողացել մոտենալ տաճարի ավերակներին, որպեսզի հաստատի ավերածությունների մասշտաբները: