Վրաստանի իշխանությունները, կարծես, իրենց տեղը դեռ չեն վերագտել այս նոր իրավիճակում. Ալիկ Էրոյանց

Տնտեսական ճգնաժամը և բյուջետային սղության հարցը Վրաստանում գնալով սրվում է: Վրաստանից վերադառնում են նաև հայ գործարարները: Թե որո՞նք են տնտեսական ճգնաժամի պատճառները ու ի՞նչ անում Վրաստանի իշխանությունները այն կանխելու համար, փորձեցինք պարզել Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցից: Վրացագետն ասաց, որ Վրաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը չեն կարողանում համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի լարիի արժեզրկումը կանխվի ու բնական է, որ նման իրավիճակում դժվար կլինի ցանկացած գործարարի համար գործունեություն ծավալել.

«Դեռ նախորդ տարվա ավարտից բավականին մեծ թափով ընթանում էր լարիի արժեզրկումը, և մինչ օրս կարծես չեն կարողանում դա կանխել, ինչը պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով: Արտաքին խնդիրները հիմնականում պայմանավորված են Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների երկարաձգմանը Վրաստանի մասնակցությամբ, ինչի հետևանքով այսօր լարվածություն կա Ռուսաստանի և Վրաստանի միջև: Երկրում զգալի չափերով նվազել են արտահանման ծավալները. Ռուսաստան արտահանում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, նաև գյուղատնտեսական որոշ ապրանքատեսակներ, այսինքն՝ ընդհանուր ճգնաժամը պայմանավորված է նաև սպասվելիք ներդրումների քանակի չիրականացմամբ: Կոնկրետ իրենք ավելի մեծ հույս ունեին, որ մեծ ներդրումներ կբերեն երկիր: Իհարկե, ներդրումներ առկա են տարբեր կազմակերպությունների, անհատ գործարարների կողմից, բայց այն չափով չեն, որ ապահովեն զգալի տնտեսական աճ կամ ինչ-որ կայուն իրավիճակ ստեղծեն: Իսկ ներքին խնդիրները հիմնականում պայմանավորված են իշխանությունների խոստումների ձախողմամբ»:

Վրացագետը նկատեց՝ իշխանությունները չեն կարողանում լարիի արժեզրկումը կանխել, ինչի հետևանքով այն մեկ տարում արժեզրկվել է մոտ 35%-ով, որը շատ բարձր ցուցանիշ է: Նրա կարծիքով՝ տնտեսական ճգնաժամը կանխելու համար Վրաստանի իշխանությունները նախ պետք է իրենց քաղաքականությունը փորձեն որոշ չափով փոխել, այսինքն՝ համապատասխանեցնել աշխարհում ընթացող տնտեսական զարգացումներին, մշակեն համապատասխան մարտավարություն: «Պետք է վերանայեն հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ տնտեսական հարաբերություններ ունեն, որպեսզի դրանք կարողանան օգտագործել իրենց երկրի ներսում: Խոսքը մասնավորապես այն սանկցիաների մասին է , որոնք այսօր շարունակում են կիրառվել Ռուսաստանի դեմ:

Պետք է փորձեն այս իրավիճակում իրենց համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծել, իրավիճակի բարելավման գործիքներ կիրառել, որպեսզի կարողանան ընդհանուր իրավիճակի վրա բարենպաստ ազդել: Հիմնականում, իհարկե, արտաքին գործոններով է պայմանավորված՝ ինչպես Վրաստանի շուրջ կզարգանան իրադարձությունները, բայց այդուհանդերձ, այդ ֆոնին պետք է փորձեն ավելի ճիշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսությունը ոչ միայն չտուժի, այլ նաև կարողանան ինչ-որ կայունություն ապահովել, էլ չասած, որ լավ կլինի՝ մտածեն նաև տնտեսական աճի, նոր ներդրումների մասին»:

Ըստ Ա. Էրոյանցի՝ Վրաստանի իշխանությունները, կարծես, իրենց տեղը դեռ չեն վերագտել այս նոր իրավիճակում. «Կառավարության կազմը փոխվեց, մի քանի նախարար փոխեցին, նորից խոսակցություններ կան, որ պետք է տնտեսական բլոկի նախարարներ փոխվեն: Կարծում եմ՝ իրենց հաջողության միակ գրավական այն կլինի, որ գործնական և փորձված քայլերով փորձեն առաջ գնալ: Պետք է փորձեն հակադրվել դրսից եկող բացասական ազդակներին: Ընդհանուր առմամբ, նաև Արևմուտքն այսօր ունի ֆինանսական խնդիրներ, այնպես չէ, որ միայն Վրաստանն է, Հայաստանը կամ Ռուսաստանը: Նույն այդ պատժամիջոցների ֆոնին Արևմուտքն էլ է տուժում: Թերևս միակ օգտվողը դրանից Վաշինգտոնն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս