Թևոսիկի եղբոր սպանության գործով ցուցմունք տվեցին վկաները
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նիստին ցուցմունք տվեցին վկաները:
Վկաներից մեկը մասնավորապես չէր հիշում՝ արդյոք նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Նա նշեց, որ հիշողության հետ խնդիր ունի, շուտ է մոռանում ամեն ինչ: Նա քննչական գործողություններից մեկին մասնակցել էր որպես ընթերակա: Հրապարակվեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքը, որի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում նախորդ տարվա փետրվարին մասնակցել է մի անձի խուզարկության, ում անունը Իսրայել է եղել (խոսքը գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի մասին է): Նա նշել էր, որ խուզարկվողի մոտից հայտնաբերվել է դրամապանակ, հեռախոս, գոտկատեղին դրված ատրճանակ, հայտնաբերվածը փաթեթավորվել է, ինքը չի տեսել, որ Իսրայելի վրա ինչ-որ մեկն ատրճանակ դնի, այն եղել է դրված նրա գոտկատեղում, «երբ այն հայտնաբերվել է, Իսոն սովորական է ընդունել այդ փաստը»: Դիտելով ցուցմունքի վերջում գրվածը՝ վկան հայտնեց, որ իր ձեռագիրն է:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշպան Հեկտոր Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը ոստիկանության ավանդական սխալի արդյունք է: Նրա խոսքով՝ Իսրայել Սարգսյանը ձերբակալվել է Մաշտոցի պողոտայում՝ առանց ընթերակաների մասնակցության. «Հետագայում որոշ՝ բավական երկար ժամանակ անց, բերել են ընթերկաներ արդեն ոստիկանություն, և ներկայացրել են ատրճանակ, որ մարդը հաստատի: Իսկ Իսրայել Սարգսյանը մինչև այդ ցուցմունք է տվել, որ՝ հարգելի քննիչ, երբ ինձ ձերբակալեցին, մեկը բերեց, ասաց էս ատրճանակը… մտցրեց գոտկատեղս»:
Դատարան ներկայացած մյուս վկան էլ հայտնեց, որ ճանաչում է ամբասանյալ Իսրայել Սարգսյանին, նրա հետ մտերիմ հարաբերություններ ունի: Դատավորի հարցին՝ արդյոք գիտի՞, թե ինչում է մեղադրվում Իսրայել Սարգսյանը, վկան պատասխանեց, որ դա անհավատալի բան է, նրան ճանաչող մարդիկ չեն հավատում: Վկան Իսրայել Սարգսյանի միջոցով ճանաչել էր նաև Մովսես Ներսիսյանին, ով այս գործով տուժող է ճանաչվել և մահացած է համարվում:
Դատարանում որպես վկա հարցաքննվեց նաև «Մագնում» հյուրանոցի մենեջերը, ով նշեց, որ իրավապահները որոշակի գործողություններ են իրականացրել հյուրանոցի 4-րդ համարում: Նա նշեց, որ հյուրանոցն այնպես է կառուցված, որ աշխատողները չեն տեսնում հաճախորդներին, տեսախցիկներ չկան, հաճախ մատուցողն էլ կարող է չտեսնի հաճախորդներին: Նա նշեց, որ իրավապահները հյուրանոցի համարի գետնին երկու սև կետ էին նկատել: Նա նաև բացառեց, որ կրակոց իրենց մոտ չլսվեր, իսկ կռվի ձայն, ճիչ, աղմուկ համենայն դեպս բարձր չի եղել, եթե ցածր եղել է, հնարավոր է, ջարդված իրեր չեն եղել:
Դատարանում հարցաքննվեց նաև հյուրանոցային համալիրի հեռախոսավարուհին: Վկաներից մեկի անունով էլ հեռախոսահամար էր գրանցված, սակայն նա նշեց, որ չգիտի՝ ինչպես է համարը գրանցված իր անունով: Դատական նիստը հետաձգվեց. հաջորդը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին: