Ինչպես է անցկացրել գեղեցկուհի Գոհար Հարությունյանն իր ամառային հանգիստը
Ամառն արդեն իսկ մոտենում է իր ավարտին, և դեռ չհեռացած, իր անձրևային օրերով ստիպում է կարոտել ծովն ու ալիքները, արևից ջերմացած ավազն ու ափին մնացած ամառային արձակուրդների մասին պատմող հուշերը: 168.am-ի հետ զրույցում իր ամառային անմոռաց հանգստի մասին պատմեց գեղեցկուհի, երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանը:
– Գոհար, որտե՞ղ եք այս ամառ անցկացրել Ձեր արձակուրդը:
– Երկու անմոռանալի շաբաթ ենք անցկացրել Կիպրոսում՝ երեխաների և մեր դայակի հետ:
– Որքանո՞վ է բյուջեն ազդում հանգստի որակի վրա:
– Բյուջեն կախված է հնարավորություններից: Կարծում եմ, որ ցանկացած գումարի սահմաններում էլ կարելի է համապատասխանորեն հանգստանալ: Բնականաբար, որքան շատ վճարես՝ այնքան շքեղ կլինի հանգիստը: Ես՝ որպես մայր, կարող եմ վստահորեն ասել, որ երեխայի մեկ անգամ հիվանդանալը կարող է փչացնել անգամ ամենաթանկ ու ամենաշքեղ հանգիստը: Երեխաների հետ ճանապարհորդելիս մեզ համար շատ կարևոր է կարճ և ուղիղ թռիչքը՝ ոչ գիշերային ժամերին: Կարևոր է ծովի մանր ավազը, եղանակը, բնությունը… Այդ ամենը գնի հետ կապ չունի:
– Ի՞նչն եք կարևորում երեխաների հետ հանգստի մեկնելիս:
– Ինչպես յուրաքանչյուր մայրիկի համար, այնպես էլ ինձ համար շատ կարևոր է, որ հանգստի ժամանակ երեխաները չհիվանդանան: Միանշանակ կարևոր է, որ հանգստի ընթացքում երեխաները լողան ծովում, լավ սնվեն, արևից վիտամին D3-ի պաշար հավաքեն՝ ձմեռվա վիրուսներին դիմակայելու համար: Այս անգամ դա մեզ հաջողվեց: Բացի այդ, մեծ բավականություն ստացանք, նոր ընկերներ ձեռք բերեցինք և վերադարձանք իսկապես հանգստացած:
– Որքանո՞վ եք տարված արձակուրդային շոփինգով:
– Սիրում եմ շոփինգ անել, բայց ոչ՝ երեխաների հետ հանգստանալիս: Քանի որ ես ստանդարտ չափսեր չունեմ, միայն Ռուսաստանում և Եվրոպայում եմ կարողանում ինձ համար կոշիկ և հագուստ ձեռք բերել:
– Ի՞նչ «նվեր» է ստացել Ձեր սառնարանն այս տարի:
– Սառնարանի վրա մագնիս չենք փակցնում: Առհասարակ ավելորդ հուշանվերներ և չօգտագործվող իրեր չեմ գնում: Կարծում եմ, որ դրանք ավելորդ անհանգստություն են պատճառում՝ տան մաքրության ժամանակ, և շուտ վերածվում են աղբի: