Բաժիններ՝

Ըմբշամարտ. Պատանիների աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանը ունի 3 մեդալ

Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի մեկնարկում հանդես եկան Հայաստանը ներկայացնող 5 հունահռոմեական ըմբիշ, որոնցից 3-ը նվաճեցին բրոնզե մեդալներ:

Մինչև 54 կգ քաշային կարգում Տիգրան Միսակյանը հաղթեց իտալացի, թուրք ու իրանցի մարզիկների և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ էլ պարտվեց վրացի մարզիկին: Բրոնզե մեդալի համար պայքարում Միսակյանն ընդամենը 38 վայրկյանում առավելության հասավ ճապոնացի մրցակցի նկատմամբ:

63 կգ քաշային կարգում հանդես եկած Մալխաս Ամոյանը խաղը մեկնարկեց պարտությամբ: Նա դեռևս որակավորման փուլում 2:3 հաշվով զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Սաիդին: Ալ Սաիդը, մեկը մյուսի ետևից հաղթելով մի քանի ըմբիշների՝ հասավ եզրափակիչ և Ամոյանին նոր գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն տվեց: Ամոյանը սփոփիչ գոտեմարտերը շատ լավ անցկացրեց՝ 8:0 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դոմինիկ Դեմասին, ապա՝ 4:1 հաշվով հունգարացի Թամաշ Լևային: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը պարզապես ջախջախեց թուրք Աբդուլա Ֆատիհ Դեմիրին:

Մինչև 58 կգ քաշային կարգում Էդգար Թամազյանը 1/8-ում եզրափակչում հաղթեց ուկրաինացի, իսկ քառորդ եզրափակչում՝ վրացի ըմբիշին: Կիսաեզրափակչում մեր մարզիկը զիջեց իրանցի մրցակցին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության հասավ ամերիկացի ըմբիշի նկատմամբ:

Նշենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականը Սարաևոյում հանդես է գալիս Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս