«Ընդհանրապես անօրինական էր դատավարությունը». Հայկ Կյուրեղյանի պաշտպան
Հայկ Կյուրեղյանի պաշտպան նշանակված Անժելա Հոբոսյանի կարծիքով՝ իր պաշտպանյալն իր իրավունքներից ոչ մի կերպ չկարողացավ օգտվել: Այսօր լրագրողների հետ զրույցում հանրային պաշտպանն ասաց. «Կարծում եմ, որ այս միջնորդությունը, որ արեց դատախազը, կարող էր իրականացնել նաև հենց առաջին դատական նիստի ընթացքում, որովհետև, ըստ իս, ինքը կարդաց մեղադրական եզրակացությունը, այն, ինչով գործը եկել էր դատարան»:
Այսօր գործով մեղադրողը հանդես եկավ ճառով՝ միջնորդելով Հայկ Կյուրեղյանի նկատմամբ որպես ազատազրկում նշանակել 14 տարի ժամկետով ազատազրկում: Հարցին՝ նման գործի համար 14 տարվա ազտազրկումը շատ չի համարում, հանրային պաշտպանը պատասխանեց.
«Ես գտնում եմ, որ ընդհանրապես անօրինական էր դատավարությունը, և պատժի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ անձի մեղքը ապացուցված է: Տվյալ դեպքում եթե նախաքննության ընթացքում անձը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ մյուսները մեղադրող ցուցմունքներ են տվել, այդ թվում այսպես կոչված տուժողները, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննական մարմինը պարտավոր էր առերեսում կատարել տուժողների և Հայկ Կյուրեղյանի միջև, սակայն չի կատարել:
Այսինքն՝ միայն ոստիկանների ցուցմունքի հիման վրա (այն, ինչ նրանք ասել էին նախաքննության ժամանակ, նույնը պնդեցին դատարանում), դատարանը չգիտեմ ինչ կանի, բայց դատախազն այդպես միջնորդեց»: Հանրային պաշտպանի խոսքով՝ չի պահպանվել Հայկ Կյուրեղյանի՝ արդար դատաքննության իրավունքը. այն խախտվել է հենց սկզբից: Նա նշեց նաև, որ ինքը ճառով հանդես չի գա, քանի որ Հայկ Կյուրեղյանն իրեն չի թույլատրել: