Բաժիններ՝

«Ոչ թալանինը»՝ «Ոտքի Հայաստանի» հայտարարության մասին. «Ստիպված պետք է հիասթափեցնենք իրենց»

Այսօր «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էին անում «Ոչ թալանին» նախաձեռնությանը հետ վերադառնալ ակտիվ պայքարի, որովհետև «հիմա նժարին դրված է ոչ միայն հանրային շահը, այլև՝ «Ոչ թալանին» նախաձեռնության բարի համբավը»։

«Մենք գտնում ենք, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հակաժողովրդական այս որոշման իրագործման համար պատասխանատու են լինելու ոչ միայն մեր երկրի իշխանավորները, այլև բոլոր նրանք, ովքեր հուլիսի 28-ին վանկարկելով «Սա հաղթանակ է» Բաղրամյան պողոտայից հեռացան և դուրս եկան ակտիվ պայքարից։ Այդ արարքով նրանք ոչ միայն տապալեցին Բաղրամյան պողոտայում ծավալված պայքարը, այլև՝ ազատ արձակեցին իշխանավորների ձեռքերը ժողովրդին ծնկի բերելու գործում»,- նշված է հայտարության մեջ:

168.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ մեկնաբանելով «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության այս հայտրարարությունը, ասաց. ««Ոչ թալանինը» սեպտեմբերի 1-ին ժամը չորսին հրավիրում է Սիրահարների այգի, որտեղ կհայտարարենք մեր հետագա քայլերի և անելիքների մասին, եթե որոշ մարդիկ կան, որոնք կփորձեն մինչև այդ իմանալ մեր հետագա քայլերի մասին, ստիպված պետք է հիասթափեցնենք իրենց, պետք է սպասեն մինչև ամսի 1-ը»:

Հարցին՝ չե՞ք գտնում, որ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության հայտարարության մեջ կային նաև շանտաժի երանգներ, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք որևէ կերպ չենք արձագանքում դրան:

Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա նման հայտարարությամբ հանդես եկավ «Ոտքի Հայաստանը», Մ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Թույլ տվեք չմեկնաբանել, ժամանակն ամեն ինչ ցույց կտա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս