«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման կոչ-հայտարարությունը
Հայրենակիցներ
ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու համար որոշել է պայմանագիր կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության հետ։ Այդ ընկերությունը պատրաստ է 230.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 16 շաբաթվա ընթացքում պատասխանել Սերժ Սարգսյանի առաջ քաշած հարցերին․ ի՞նչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Մենք գտնում ենք, որ ընտրված այդ խորհրդատվական կազմակերպությունը չի կարող կատարել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման անաչառ ուսումնասիրություններ, որովհետեւ չեզոք չէ ՀՀ կառավարության նկատմամբ։
«Դելոիթ» ընկերությունը Հայաստանում ներկայացված է «Դելիթ Արմենիա» ՓԲ ընկերությամբ, որի գրասենյակը գտնվում է Ամիրյան 4/7 հասցեում։ Այդ ընկերությունը սկսած 2013թ-ից իր աուդիտորական ծառայություններն է մատուցում ՀՀ կառավարության եւ «ՀԵՑ» ՓԲԸ-ին փոխկապակցված ձեռնարկություններին (օրինակ՝ ԿԱՄավոր 1 կենսաթոշակային ֆոնդ, ԿԱՄավոր 2 կենսաթոշակային ֆոնդ, ԿԱՄ, Պետական Արժեթղթերի Ֆոնդ, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամ)։ Դա նշանակում է, որ 2016թ․ հունվաի 1-ից ամենայն հավանականությամբ Հայաստանի բնակչությունը Սերժ Սարգսյանի համոզմունքին համապատասխան ստիպված է լինելու վճարել էլեկտրաէներգիայի դիմաց բարձր սակագնով։
Մենք գտնում ենք, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հակաժողովրդական այս որոշման իրագործման համար պատասխանատու են լինելու ոչ միայն մեր երկրի իշխանավորները, այլեւ բոլոր նրանք, ովքեր հուլիսի 28-ին վանկարկելով «Սա հաղթանակ է» Բաղրամյան պողոտայից հեռացան եւ դուրս եկան ակտիվ պայքարից։ Այդ արարքով նրանք ոչ միայն տապալեցին Բաղրամյան պողոտայում ծավալված պայքարը, այլեւ՝ ազատ արձակեցին իշխանավորների ձեռքերը ժողովրդին ծնկի բերելու գործում։
Կոչ ենք անում «Ոչ թալանին» նախաձեռնության մեր քույրերին եւ եղբայրներին՝ հետ վերադառնալ ակտիվ պայքարի, որովհետեւ հիմա նժարին դրված է ոչ միայն հանրային շահը, այլեւ՝ Ձեր նախաձեռնության բարի համբավը։
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ
Ք․ Երեւան, Հանրապետության հրապարակ,
17 օգոստոսի, 2015թ․