Սերժ Սարգսյանի ինքնաթիռը սպասարկող ընկերությունը փոխվել է
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը սպասարկում էր նաև ՀՀ նախագահի օդանավը: Գործունեության դադարեցման ու սնանկացման եզրին հայտնվելուց հետո «Էյր Արմենիան», բնականաբար, դադարեցրել է կառավարական ինքնաթիռի սպասարկումը: 168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրներ են ծագել կառավարական օդանավի սպասարկման հետ կապված, ներկայումս ո՞ր ընկերությունն է իրականացնում օդանավի սպասարկումը:
Մեր հարցադրումներին ի պատասխան Վ. Հակոբյանը տեղեկացրեց, որ «Էյր Արմենիա» ընկերության գործունեության դադարեցումից հետո առաջ եկավ Հայաստանի Հանրապետության Նախագահի օդանավի հետագա շահագործման ձևաչափի խնդիրը, ներկայումս ՀՀ Նախագահի օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնում է «Աքիլա տեխնիքս» ընկերությունը, իսկ թռիչքները՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
«Նոր հայկական ավիափոխադրող ընկերության ստեղծման դեպքում օդանավի սպասարկման հետագա ձևաչափը կքննարկվի լրացուցիչ»,- նշեց Վ.Հակոբյանը: