Համացանցում հաճախ դժվար է զանազանել իրողությունը կեղծիքից
Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնարին, իրողությունը տարբերել կեղծիքից:
Համացանցը, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ իր անսահման ռեսուրսներով, կարող է օրհնություն կամ անեծք լինել, երբ որևէ մեկը փորձում է պարզել այս կամ այն հոդվածի իսկությունը:
Հնարավոր չէ իմանալ, արդյոք կարդացածը ճշմարիտ է, թե շինծու, եթե ընթերցողը տվյալ թեմայի գծով մասնագետ չէ կամ չի ստուգում truthorfiction.com-ի կամ snopes.com-ի նման կայքեր՝ բամբասանքն իրականությունից տարբերելու համար:
Ահա այդպիսի ապատեղեկատվության երկու թարմ օրինակ, որոնք տարածվել էին համացանցում միլիոնավոր հայերի և այլոց շրջանակում:
Առաջին հոդվածը, իբր թե The Moscow Times կայքից, վերնագրված էր. «Ռուսաստանի նախագահը թուրք դեսպանին. «Ասացեք Ձեր բռնակալ նախագահին, որ նրան ԻՊ-ի ահաբեկիչների հետ միասին դժոխք կուղարկեմ. Սիրիան մեծ Ստալինգրադի կվերածեմ նրա համար…»»: Այս հոդվածը շրջանառվեց աշխարհով մեկ, տեղադրվեց հազարավոր կայքէջերում և արտատպվեց անհամար թերթերում:
Հղում էր արվել նախագահ Պուտինին, որը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմին իբր թե ասել էր, որ Ռուսաստանը կխզի իր դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Էրդողանն անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը ԻՊ-ի ահաբեկիչներին Սիրիայում: Հոդվածում մեջբերվում էր «արտահոսած տեղեկություն… երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից», որի ընթացքում Պուտինը Թուրքիայի նախագահին անվանել էր «կեղծավոր» և սպառնացել Սիրիան վերածել «մեծ Ստալինգրադի Էրդողանի և Սաուդյան Արաբիայի իր դաշնակիցների համար», ում նա համեմատել է Հիտլերի հետ:
Ես բազմաթիվ հայերից էլեկտրոնային փոստով ստացա այս կեղծ հոդվածի մի քանի տասնյակ պատճեններ՝ «կեցցե Պուտինը», «վերջապես մեկը համարձակվեց Էրդողանին իր տեղը դնել» բացականչություններով: Հոգնեցուցիչ էր բոլորին պատասխանել, որ դա կեղծ լուր էր…
Ընթերցողները և նույնիսկ թերթերի խմբագիրները, ըստ երևույթին, իրենց նեղություն չէին տվել ստուգելու, որ նման հոդված չկար The Moscow Times կայքէջում: Բացի այդ, թվում է, որ ոչ ոք չէր զարմացել, թե ինչպես կարող էր ռուսական թերթը նախագահ Պուտինի ազգանունը սխալմամբ ներկայացնել որպես «Պուրին»:
Ապատեղեկատվության երկրորդ օրինակը վերաբերում է աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեին, որն իբր երգել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի երգ: «Ես այստեղ էի» երգի տեսահոլովակը, որն սկսվում է «Հայոց ցեղասպանություն, 1915 ապրիլի 24» գրությամբ, «Յութուբ»-ում տեղադրվեց 2015 թ. ապրիլի 24-ին ինչ-որ մեկի կողմից՝ «Յակոսամո» կեղծանունով: Այնուհետև տեսահոլովակը ցուցադրում է «Երբեք չմոռանալ» բառերը վառ կարմիրով, որին հաջորդում էին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած մարդկանց կադրերը: Հաջորդ չորս րոպեներին էկրանին երևում են երեք զինված թուրք զինվորներ, որոնք սպանում են մի ամբողջ հայ ընտանիքի և առևանգում մի խումբ երիտասարդ հայուհիների: Տեսահոլովակը և երգն ավարտվում են վառ կարմիր գույնով գրված «Ապրիլ 1915» բառերով հենց այն պահին, երբ թուրք զինվորն ատրճանակով ուղղակի կրակում է հայ տղայի գլխին…
Հազարավոր հայեր, հավանաբար, խաբվել էին, կարծելով, որ Բեյոնսեի երգն իրոք նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Տեսահոլովակի հղումը շնորհակալական հարյուրավոր մեկնաբանություններով տեղադրվեց անթիվ ու անհամար ֆեսբուքյան էջերում և «Յութուբ»-ում:
Ես միայն անցյալ շաբաթ իմացա այս երգի մասին: Սկզբում, փոքր-ինչ վատ էի զգում, որ լինելով թերթի խմբագիր, Հայոց ցեղասպանության մասին նման կարևոր երգը լսում եմ դրա թողարկումից ամիսներ անց: Ես ստուգեցի երգի բառերը և շատ արագ հայտնաբերեցի, որ այն բացարձակապես կապ չունի հայերի կամ Հայոց ցեղասպանության հետ: Երգչուհին անընդհատ կրկնում էր. «Ես այստեղ էի, ես ապրեցի, ես սիրեցի, ես այստեղ էի….»: «Հայ, Ցեղասպանություն կամ Թուրքիա» բառերը երգի մեջ գոյություն չունեն…
Ես ի վերջո հասկացա, որ ինչ-որ մեկը վերցրել էր Բեյոնսեի երգը և դրան ավելացրել կադրեր Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմից: Ցավոք, շատ հայեր հիացած էին, որ աշխարհահռչակ երգչուհին տեսահոլովակ էր թողարկել Հայոց ցեղասպանության մասին…
Ես կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է զանազանել իրողությունը կեղծիքից համացանցում տեղադրված յուրաքանչյուր նյութի համար: Միգուցե օգտակար լինի հիշել հայտնի ամերիկյան ասացվածքը. «Եթե ինչ-որ բան անհավատալի է իսկական լինելու համար, ապա հավանաբար իսկական չէ….»: Ընթերցողները պետք է թերահավատության առողջ չափաբաժին ունենան, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու՝ չլինելով կամ չափազանց կասկածամիտ ամեն ինչին հավատալու հարցում կամ չափազանց դյուրահավատ՝ կուրորեն կուլ տալու ամեն ինչ համացանցում…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի