Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի համաձայնեցված գործողությունները ժամանակավոր են. Սիմոնով

«Սիրիայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի տարաձայնությունը խորացնելու է անդունդը նրանց միջև, ինչի ականատեսն ենք ներկայումս»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում վերջերս նկատված ջերմացմանն ու ռուսական արտարժութային շուկային վերջին օրերին վերսկսված տատանումներին՝ ռուբլու արժեզրկման միտումներին:

Կոնստանտին Սիմոնովը գտնում է, որ այդ ժամանակավոր ջերմացումը պայմանավորված էր այն ջանքերով, որոնք Ռուսաստանը շարունակաբար ներդրել էր Իրանի ապաշրջափակման ուղղությամբ: Ըստ նրա` հնարավոր չէր Ռուսաստանին շնորհակալություն չհայտնել Իրան-«Վեցյակ» համաձայնության հարցում նրա ներդրման համար: Սակայն, ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ՝ իրավիճակը լավատեսություն չէր արթնացնում, ինչի ականատեսը դառնում են ՌԴ-ում այս օրերին:

«ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները զարգանում են լավատեսությունից՝ հոռետեսություն և հակառակը սկզբունքով: Ես բացարձակապես վստահ էի, որ վերելքին, որի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ Բարաք Օբաման, հաջորդելու էր անկումը, և այդպես էլ պատահեց, Օբամա-Պուտին հեռախոսազրույցին հաջորդեց հերթական դավադրությունը և ՌԴ-ին թշնամի դարձնելու գործընթացը: Ինչո՞ւ: Չէ՞ որ Մոսկվան և Վաշինգտոնը դեռ չեն պայմանավորվել Սիրիայի շուրջ, որտեղից էլ սկսվեց ԱՄՆ-ՌԴ դիմակայությունը: Թյուր կարծիք կա, որ դիմակայությունը սկսվեց Ուկրաինայից, այնինչ մեկնարկը տրվել էր դեռևս Սիրիայից»,- ասաց Կոնստանտին Սիմոնովը` շարունակելով, որ Սիրիայի շուրջ զիջումների հավանականությունը զրոյական է, քանի որ կողմերը շարունակում են մնալ իրենց տարբեր տեսակետներին: Նրա համոզմամբ` որևէ կողմ պետք է զիջի, իսկ զիջել ոչ մի կողմը չի ցանկանում:

Վերլուծաբանի կարծիքով` Ղարաբաղի շուրջ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համաձայնեցված գործողություններն այս օրերին ևս պայմանավորված էին այդ ջերմացմամբ: Սակայն, նրա խոսքով, հույսեր կապել, որ դա երկար կշարունակվի, և ՄԽ համանախագահներ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կկարողանան միակամորեն գործել հակամարտության գոտում, սխալ է: «Միանշանակ է, որ նոր պատերազմ կողմերին ձեռնտու չէ, բայց տարաձայնություններն այստեղ ևս շատ են, թեև Ռուսաստանը և ԱՄՆ-ը այս հարցը հնարավորինս փորձել են զերծ պահել տարաձայնություններից»,- ասաց Սիմոնովը:

Կոնստանտին Սիմոնովի կարծիքով` Սիրիայի շուրջ ՌԴ-ի և Արևմուտքի միջև առկա տարաձայնությունը շարունակելու է խորացնել անդունդը և խնդիրներ է ստեղծելու ՌԴ տնտեսությունում, ինչն էլ իր հերթին՝ խոչընդոտում է ՌԴ նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների հաջողությանը: Թեև, ըստ նրա, դրանց հաջողությունն ի սկզբանե էր կասկածի տակ: ՌԴ-ում վերջին օրերին նկատվող ռուբլու արժեզրկումը ռուսաստանցի վերլուծաբանը պայմանավորում է քաղաքական գործոններով և միջազգային ճնշումներով: Նրա համոզմամբ` գուցե հնարավոր լինի նման կտրուկ արժեզրկումներից խուսափել ճիշտ տնտեսական կառավարման և միջոցների տեղաբաշխման դեպքում:

 

Տեսանյութեր

Լրահոս