Միջազգային ատյանները մեզ ոչնչով չեն օգնել ու չեն օգնում. Ազիզ Թամոյան
Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ օգոստոսի 3-ին լրացավ Իրաքի հյուսիսային մասում տեղի ունեցած եզդիների Ցեղասպանության օրը. «Դա մեր բնօրանն էր, մեր հայրենիքն էր, մուսուլմանները 7-րդ դարից սկսած մինչև այսօր մեզ կոտորում, աշխարհի երեսից վերացնում են: 21-րդ դարում, աշխարհի գերպետությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքի առաջ, ֆիզիկապես բնաջնջեցին ու մինչև օրս շարունակում են այդ Ցեղասպանությունը: Միջազգային ատյանները մեզ ոչնչով չեն օգնել ու չեն օգնում: Միայն խոսում են մարդու իրավունքներ մասին, բայց գործնական քայլ չեն անում: Միջազգային հարթակներում, և ընդհանրապես, մեզ պաշտպանել են միայն հայ ժողովրդի ղեկավարները, բացի նրանցից՝ որևէ երկրի ղեկավար այդ մասին չի խոսում»:
Նա նշեց, որ Սինջարի շրջանի 70 գյուղերը հիմա դատարկվել են. «Մի մասին ֆիզիկապես կոտորեցին, մի մասը դիմեց փախուստի: Սինջարի լեռան գագաթին մենք հիմա ունենք 4000 զինվոր, որոնք պատրաստ են կռվելու, բայց ինձ հետաքրքրում է՝ ո՞ւմ դեմ են կռվելու: Մենք դիմել ենք Միացյալ նահանգներին, բայց լռում են, չեն ուզում օգնել մեզ»:
Նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ, եզդիների ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն ասաց, որ Իրաքում ապրում են մոտ 800 հազար եզդիներ. «Նրանք ապրում են Հյուսիսային Իրաքում, մեկուսացած են մահմեդական աշխարհից. ապրում են ասորիների ու քրիստոնյաների հետ: Այդ տարածքում դժվարին է նրանց վիճակը, որովհետև շրջապատված են մահմեդական աշխարհով: Միջազգային տարբեր կառույցների ենք դիմել, բայց ոչ մի արձագանք չի եղել»: