«Դու ես իմ համար գերեզմանոցի փոսը փորել». Թևոսիկի եղբոր սպանության գործով նիստն ընթացավ լարված մթնոլորտում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօրվա նիստն անցավ լարված մթնոլորտում: Այսօր դատարան էր ներկայացել Տիգրան Ասատրյանը, ով այս գործից անջատված մասով մեղադրյալ է: Նա դատարան ներկայացել էր նախորդ դատական նիստի ընթացքում ևս, հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ` պնդելով իր նախաքննական ցուցմունքները, սակայն դատավարության մասնակիցները, հատկապես՝ պաշտպանական կողմը, ցանկություն էր հայտնել հարցեր տալ նրան:

Տիգրան Ասատրյանն ասաց, որ, երբ դատարանն իրեն հրավիրում է, ինքը ներկայանում է, ոչնչից չի խուսափում: Նա նշեց, որ իրեն ծանուցագիր չի հասել, սակայն ինքը ներկայացել է դատարան: Նա նշեց, որ չի պատասխանելու հարցերին:

Գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ Տիգրան Ասատրյանի ցուցմունքի հիման վրա իրեն ձերբակալել են, մինչև հիմա պահում են կալանքի տակ: Իսրայել Սարգսյանը հնչեցրեց մի խումբ հարցեր. Մասնավորապես նրան հետաքրքրում էր` արդյոք ինքն ի՞նչ հարաբերություններ է ունեցել սպանված Արթուր Սաֆարյանի հետ, կարո՞ղ է արդյոք Տիգրան Ասատրյանը մի դեպք, պատրվակ նշել, որ իրենք վիճաբանեն, «իրենց մեջ թեմա լինի»: Տիգրան Ասատրյանն այս հարցին չպատասխանեց: Ամբաստանյալի հարցին, թե նա «ճիշտ տղա է, մաքուր տղա է», ինչո՞ւ չի ցանկանում իր հարցին պատասխանել, Տիգրան Ասատրյանն արձագանքեց. «Դու չպիտի վերլուծես իմ ճշտությունը»: «Բա ո՞վ պիտի վերլուծի, ես պիտի վերլուծեմ, դու ես իմ համար գերեզմանոցի փոսը փորել, ո՞վ պիտի վերլուծի»:

Իսրայել Սարգսյանն ասաց, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում Տիգրան Ասատրյանն ասել է, որ իրենց խոսակցությունը ձայնագրել է իր համար և այդ պահին չի մտածել, որ կարող է ինչ-որ մեկին տալ` մինչև չվերլուծի և չհասկանա, թե ինչ է կատարվում: Նա հետաքրքրվեց` եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է վերացրել օրիգինալ ձայնագրությունը: Ի պատասխան՝ Տիգրան Ասատրյանն ասաց, որ այս հարցի պատասխանը տվել է նախաքննական ցուցմունքում, որը հրապարակվել է նախաքննության ընթացքում: «Այնտեղ դու ասում ես` ձայնագրության մեջ շատ բաներ մոնտաժվել է, որովհետև հեչ կապ չունի Արթուրի սպանության հետ: Իսկ ես կասեի, որ լիքը կապեր ունի»,- արձագանքեց Իսրայել Սարգսյանը, ապա նշեց, որ ձայնագրությունը միակ անուղղակի ապացույցն է, որի հիման վրա ինքը հայտնվել է դատարանում. «Ես 100 տոկոսանոց ասում եմ` ոչ ոք չի կարողանալու ինձ մեղադրի առաջինը՝ Արթուրի սպանության մեջ, իսկ Մոսոյի մասին չեմ խոսում, որ սպանվել է կամ… Մոսոն մեզնից բոլորից առողջ ու ողջ է»: Նա նշեց, որ ձայնագրության 10 տոկոսն է ջրի երես ելած, մնացածը չի երևում:

Իսրայել Սարգսյանը հետաքրքրվեց նաև. «Տիկո, լավ, խի՞ իմ գլխին սարքիր, բերիր ստեղ»:. «Այդտեղ դու հեքիաթ ես պատմում»,- ի պատասխան՝ ասաց Տիգրան Ասատրյանը՝ նշելով, որ սա թատրոն չէ:

«Ո՞նց կարող է ես Արթուրի սպանությունը կազմակերպած լինեմ, դրանից հետո քիլլերին տանեմ, խփեմ, գցեմ կալոդեցը (այդ քո ասած՝ լիրիկայի, հեքիաթների մեջ է գտնվում), դրանից հետո գամ, ես քեզ պատմեմ, թե ես ինչպես եմ այդ ամեն ինչն արել, դու էլ տեղյակ չես այդ ամեն ինչից, ես քեզ գալիս եմ, թե ես քո ընկերոջը, քո սանիկի հորը ոնց եմ սպանել: Ինչի՞ համար եմ ես գալիս, այդքանը բան քեզ պատմում: Դու ո՞վ էիր, царь и бог էի՞ր, ո՞վ էիր, որ ես գայի, քեզ դա պատմեի»,- հարցրեց Իսրայել Սարգսյանը: Ի պատասխան՝ Տիգրան Ասատրյանն ասաց, որ այդ պատմությունների պատասխանները ինքը՝ Իսրայել Սարգսյանը կարող է տալ. «Ես դրա պատասխանները չունեմ՝ ինչու դու ես եկել, տենց բաներ պատմել, որ մի հատ էլ ես քեզ հիմա պատասխան տամ: Դրա պատասխանները դու կարող ես տալ: Արե՞լ ես, արել ես: Չե՞ս արել, հիմնավորի՝ չես արել»: Նրանց միջև թեժ խոսակցություն սկսվեց, դատական նիստն ընդհատվեց, ապա վերսկսվեց:

Իսրայել Սարգսյանը նշեց, որ Թևոսը նրա թշնամին է եղել, քանի որ իրար հետ հարցեր ունեին: Տիգրան Ասատրյանն էլ ասաց, որ ինքն ու Թևոսն իրենց հարաբերությունները շատ նորմալ պահել են մինչ այսօր: Նա նշեց, որ ընկերների մեջ տարիների ընթացքում խոսակցություններ լինում են, բայց դա չի նշանակում, որ այդ ամեն ինչը կարող է նման բաների բերել: Նա նշեց, որ թշնամություն չի եղել Թևոսի հետ, եղել է թեթև խռովածություն, որից հետո իրենց մոտ են եղել:

Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանի հարցին՝ արդյոք Տիգրան Ասատրյանին հայտնի՞ է դրդապատճառը, որով սպանվել է Արթուր Սաֆարյանը, Տիգրան Ասատրյանը բացասական պատասխան տվեց: Հարցին՝ արդյոք Իսրայել Սարգսյանի և Արթուր և Թևոս Սաֆարյանների միջև եղե՞լ է պատճառ կամ առիթ, որն առաջացներ սպանությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին մի քանի վկաներ, որոնցից մեկը ճանաչում էր Մովսես Ներսիսյանին, մյուսը հեռախոս էր գտել, որը հետագայում իրավապահ մարմիններն առգրավել էին, իսկ մյուս վկան ճանաչում էր ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին:

Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 27-ին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս