Բաց զրույց-հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ. մուտքն ազատ է
Վաղը` հուլիսի 18-ին, Երևանի Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտում նախատեսված է զրույց-հանդիպում անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Մուտքն ազատ է, և հանդիպմանը ներկա գտնվողների հետ մաեստրոն կզրուցի Կոմիտասի թեմայի շուրջ: Միջոցառումը կունենա երաժշտական մաս նույնպես, և դրան կմասնակցեն մեցոսոպրանո Աննա Մայիլյանն ու դաշնակահար Էլեն Կիրակոսյանը:
Թանգարան-ինստիտուտի լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ նմանօրինակ միջոցառումներ այստեղ հաճախ են կազմակերպվում: Յուրաքանչյուր երեքշաբթի լինում են համերգներ, որոնց ընթացքում հնչում են Կոմիտասի երգերը, իսկ շաբաթ օրերին` կա´մ համերգ, կա´մ հանդիպում նկաշանակալի և մշակույթի ոլորտում ծանրակշիռ որևէ գործչի հետ:
Մշակութային այս կենտրոնը խոստանում է, որ նման միջոցառումները շարունակական են լինելու: «Ի սկզբանե նախատեսված է եղել, որ սա թանգարան-ինստիտուտ է, որը և´ գիտական գործունեությամբ է զբաղվում, և՛ համերգներ ու զրույց-հանդիպումներ կազմակերպում մշակույթի մարդկանց հետ: Ի սկզբանե դա ծրագրված է եղել ու հիմա մենք կյանքի ենք կոչում»,- փոխանցեցին լրատվական ծառայությունից:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, վարդապետի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Տիգրան Մանսուրյանի հետ զրույց հանդիպումը նշանակված է ժամը 17:00-ին: