Բաժիններ՝

Կա նոր քաղաքական մշակույթի անհրաժեշտություն. Վահե Հովհաննիսյան. Zham.am

Zham.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր հրապարակվել, թե Դուք և Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն եք ստեղծում: Որտե՞ղ է իրականությունը:

– Գիտեք, անկուսակցականի իմ կարգավիճակը տալիս է ինձ գործելու, իմ տեսակետներն անկաշկանդ ներկայացնելու և այլ ուժերի հետ հարաբերվելու ավելի մեծ հնարավորություններ: Այնպես որ ես չեմ պատրաստվում այս պահին անդամագրվել որևէ կուսակցության: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, նա այն մարդն է, ով իր հեղինակությամբ ունի իր համախոհների հետ առաջադիմական քաղաքական ուժ ձևավորելու բոլոր իրավունքները և հնարավորությունները:

Համոզված եմ, որ եթե վերանանք մանր քաղաքական ինտրիգներից ու ավելի լայն նայենք, պետությունն իրոք կշահի, եթե Օսկանյանը սեփական կուսակցությամբ սկսի հանդես գալ և կարողանա ստեղծել ամուր քաղաքական միավոր: Կարծում եմ, սակայն, դրա մասին կխոսի ինքը, երբ կգտնի նպատակահարմար: Որքանով տեղյակ եմ Վարդան Օսկանյանը վերջին շաբաթների ընթացքում քննարկումներ և հանդիպումներ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր գործիչների, ազդեցիկ մարդկանց, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, կուսակցությունների ղեկավարների, այդ թվում` ԲՀԿ-ի հետ: Այնպես որ, այստեղ ոչ մի արտառոց բան չկա : Բայց չգիտես ինչու իմ անունն է շեշտվում: Ուղղակի պետք է փաստել, որ պատվիրատուն կրկին չփայլեց բարոյականությամբ:

– Այնուհանդերձ, ինչպե՞ս եք վերաբերում նոր քաղաքական ուժերի ի հայտ գալուն:

– Որքան ես եմ հասկանում, հնարավոր է, որ առաջիկայում նոր քաղաքական միավորներ ձևավորվեն: Համենայնդեպս, այդպիսին է իմ տպավորությունը մամուլից: Շրջանառվում են թե՛ Վ. Օսկանյանի, թե՛ Թևան Պողոսյանի և թե՛ այլոց անունները: Այս մարդիկ իրենց կրթվածությամբ, լրջությամբ , իրենց աշխատանքով վաստակել են այդ իրավունքը: Կան նաև արդեն իսկ ձևավորված նոր քաղաքական միավորներ:

Չեմ կասկածում, որ այս բոլոր տեղերում կան ընդունակ, նոր մտածողությամբ, փոփոխությունների ձգտող մարդիկ, և միայն ուրախ կլինեմ, եթե մեր քաղաքական կյանքում սկսվեն վերջապես երկար սպասված տեղաշարժերը, որ դուրս կբերեն երկարամյա լճացումից: Սա միանշանակ ողջունելի է: Իսկապես կա նոր խոսքի, նոր մտքի, նոր քաղաքական մշակույթի անհրաժեշտություն: Կա նոր օրակարգի անհրաժեշտություն: Կարելի է և համագործակցել, և բանավիճել, բայց` նոր քաղաքական մշակույթի և խաղի կանոնների պայմաններում, որտեղ ջարդելն ու փշրելը, կեղծելն ու քծնելը կամ կույր ատելությունը չեն հիմնական գործոնները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս