«Ոսկե Ծիրանը» մեկնարկեց Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմությունը» ֆիլմով
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր ժյուրիի նախագահ, ֆրանսիահայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմել է, որ վաղուց էր մտածում հայկական ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
Գեդիկյանի վերջին՝ «Խենթ պատմություն» կինոնկարն այս տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, այս ֆիլմով ազդարարվեց նաև երեկ «Ոսկե Ծիրան» Երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Ֆիլմի փառատոնային կյանքը կշարունակվի սկանդինավյան և ասիական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Բելգիայում. Շվեյցարիայում, Հունաստանում, Իսրայելում, ինչպես նաև լատինամերիկյան մի շարք երկրներում: Ռեժիսորը ֆիմի մասին պատմում է, որ այնտեղ ներկայացված հայկական ցավը համամարդկային ֆոնին ներկայացնելու փորձ է:
«Խենթ պատմություն» ֆիլմը սկսվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին պատմող տեսարանով, այնուհետև դեպքերի ընթացքը տեղափոխվում է 80-ականների Փարիզ:
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ՝ Գրեգուար Լըպրենս Ռենգեն, Սերժ Ավեդիկյանը, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը և այլք: