Բաժիններ՝

«Տեղադրված սարքերի գտնվելու վայրի մասին վարորդներին նախապես չզգուշացնելու նպատակը նրանց մանիպուլացնելն է». իրավապաշտպան

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել էր, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:

«Աքիլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ եղած տեսախցիկները լրիվ բավական են և նորերը կիրառելու կարիք չկա. «Ճանապարհային պարեկային ծառայության 400 մեքենաներում կան արագաչափ տեսախցիկներ, հետևաբար՝ վարորդներն ավելի զգոն կլինեն, եթե տեսնեն ճանապարհին կանգնած ոստիկանական մեքենան, քան անորոշ վայրում տեղակայաված արագաչափը: Բնականաբար չի լինելու զգուշացնող նշան»:

Նույն կազմակերպության իրավապաշտպան Արմինե Մկրտչյանը նշեց, որ ներկա դրությամբ ՃՈ-ն կանխում է տեսուչների միջոցով, իսկ կանխարգելում է՝ տեղադրված անշարժ արագաչափերով. «Իմ կարծիքով՝ տեղադրված սարքերի գտնվելու վայրի մասին վարորդներին նախապես չզգուշացնելու նպատակը նրանց մանիպուլացնելն է և ստիպելը, որ հանկարծակիի գան: ՃՈ-ն ունի բավարար ռեսուրսներ, որ այդ երկու օրը հսկողություն սահմանի այդ ճանապարհին»:

Այս հարցը խնդրահարույց է, քանի որ հնարավոր է, որ՝ տեսնելով ոստիկանական մեքենան, վարորդները միայն այդ պահին զգոն լինեն, իսկ եթե չգիտեն, թե ճանապարհի ո՞ր հատվածում է տեղադրված արագաչափը, զգոնությունը պահպանեն ամբողջ ճանապարհին:

Բացի այդ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ճանապարհային ոստիկանությունն ուժեղացնելու է հսկողությունը այդ ճանապարհներին, իսկ շարժական արագաչափ սարքերը կիրառվելու են բացառապես ամենածանրաբեռնված ու վթարավտանգ՝ Երևան-Սևան ու Սևան Երևան ուղղություններում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս