Ֆինանսական ներգրավվածության համաժողով Մինսկում
Հունիսի 25-27-ը Մինսկում Ֆինանսական ներգրավվածության միության հովանու ներքո կայացել է «Ֆինանսական ներգրավվածություն՝ կարգավորում և զարգացում» տարածաշրջանային համաժողով ԱՊՀ և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի համար:
Համաժողովին մասնակցել են նաև Ասիայի, Աֆրիկայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական բանկերի ներկայացուցչներ` ներկայացնելով ֆինանսական ներգրավվածության ոլորտում իրենց երկրների փորձը:
Հայաստանի Հանրապետությունը համաժողովին ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի գլխավորությամբ:
Պատվիրակության անդամ, ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, ով ղեկավարում է նաև Ֆինանսական ներգրավվածության միության սպառողների շահերի պաշտպանության և շուկայական վարվելակերպի աշխատանքային խումբը, համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում բնակչության ֆինանսական ունակությունների վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքները, բնակչության ֆինանսական կրթման բարելավման կողմնորոշիչները, ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության փորձը: Նա նաև նշել է, որ Հայաստանում մշակվում է ֆինանսական ներգրավվածության ռազմավարություն:
Հայաստանը ֆինանսական կրթության, սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական հաշտարարի ինստիտուտի առումներով համարվում է տարածաշրջանում առաջատար երկիր: Ֆինանսական կրթման, սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության ուսումնասիրության նպատակով վերջին երեք տարիների ընթացքում արտասահմանյան բազմաթիվ պատվիրակություններ աշխատանքային այցեր են կատարել Հայաստան:
ՏԵՂԵԿԱՆՔ
Ֆինանսական ներգրավվածության միությունը զարգացող երկրների կենտրոնական բանկերի և այլ ֆինանսական կարգավորող մարմինների ցանց է, որը հիմնադրվել է 2008 թ-ին: Միության գլխավոր նպատակն է աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական ներգրավվածության զարգացումը։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերը։ ՀՀ կենտրոնական բանկը միությանը անդամակցում է 2011 թ-ից (տես` www.afi-global.org):