Բաժիններ՝

«Նաիրիտցին չի վստահում, անհանգստություն ունի». նաիրիտցիները կրկին Կառավարության շենքի մոտ են

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ էին: Հիշեցնենք, որ նախորդ ամիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին խոստացել էր, որ մինչև հուլիսի 15-ը նրանց բոլոր պարտքերը կմարվեն:

Այսօր արդեն հուլիսի 9-ն է, բայց պարտքերից դեռևս որևէ մաս վճարված չէ, և նաիրիտիցները մտահոգություններ ունեն, որ այդպես էլ իրենց չեն վճարի:

168.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի աշխատակցուհի Կարինե Շահվերդյանն ասաց, որ իրենք այստեղ են եկել առանց որևէ որոշման, այլ ինքնաբուխ. «Մինչև այսօր բացարձակապես ոչինչ չի փոխանցվել մեզ: Սա համակարգող խմբի որոշումը չէ, մենք չենք որոշել հավաքվել, այլ այս իրավիճակն է պարտավորեցրել, նաիրիտցիներն իրար զանգելով, բողոքելով իրար, եկել են այստեղ: Հացի խնդիր ունեն նաիրիտցիները, այսպես ո՞նց կարելի է»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ 2 օր առաջ «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահն է հանդիպել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, և վերջինս հավաստիացրել է, որ ոչ մի խնդիր չկա, անհանգստանալու կարիք չկա, և մինչև հուլիսի 15-ը պարտքերը կմարվեն:

«Մենք եկանք, որովհետև ժողովուրդը պահանջեց: Այն, որ հավաքվել ենք այստեղ, իմ կարծիքով՝ դա արդեն ինչ-որ բան կասի, որ նաիրիտցին չի վստահում, անհանգստություն ունի»,- ասաց Կ. Շահվերդյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք ամեն դեպքում հուլիսի 16-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի դիմաց՝ «Նաիրիտի» վերագործարկման պահանջով, իսկ եթե մինչև այդ իրենց գումարները չվճարեն, գումարների վճարման պահանջով՝ ևս:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս