Հայաստանը հայտնվել է մամուլում Ռուսաստանի մասին «բացասական» արտահայտված պետությունների տասնյակում

Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնը իր կայքում տպագրել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության «Ռուսաստանն աշխարհում» նախագիծը, որտեղ ներառված է ընթացիկ տարվա ապրիլի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տպագրված համաշխարհային մամուլի նյութերի վերլուծությունը: Նյութերը նվիրված են եղել ռուսական թեմաներին:

Համաձայն ներկայացված աղյուսակի՝ Հայաստանը ներառվել է այն երկրների թվում, որոնց մամուլը «ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ»: Հայաստանը այդ երկրների 10-յակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Առաջին տեղում գտնվում է Գերմանիան, հայտնում է riss.ru-ն:

Արտասահմանյան ԶԼՄ-ների ակտիվությունը հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում, համեմատած նախորդ ժամանակահատվածի հետ (2015թ. հունիսի 15-22) նվազել է 22,6%-ով (1025 նյութ՝ նախորդ 1325-ի դիմաց):
Ռուսաստանի նկատմամբ ամենից բացասական տրամադրվածությամբ թեմաները վերաբերել են ՆԱՏՕ-ին, Ուկրաինային ու պատժամիջոցներին:
Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնի փորձագետ Իգոր Նիկոլայչուկը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի ԶԼՄ-ների Ռուսաստանի նկատմամբ «չափազանց բացասական» երանգի վրա:

«Այս երկրում, որի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, ինչպես գիտենք, հասարակության որոշակի մաս կոնֆլիկտի մեջ է իշխանությունների հետ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով: Իհարկե, տարօրինակ է, որ թոշակառուների դրամապանակի մասին անհանգստանում ու փողոց է դուրս գալիս երիտասարդությունը, սակայն ինչ արած… Իհարկե, նման հոդվածների թիվը մեծ չէ, սակայն փոքրիկ անդրկովկասյան հանրապետության մեդիայի մեքենան չի համեմատվի Գերմանիայի կամ անգամ Իրանի հետ, սակայն ագրեսիվության ինդեքսը հավասար է 12-ի, ինչը հնգակի ավելի է, քան նույն Գերմանիայում»,- նման կարծիք է հայտնում փորձագետը:

000-NIK

Տեսանյութեր

Լրահոս