Միխայիլ Ժվանեցկու 29 իմաստուն մտքերը
1. Երբեք մի գերագնահատեք թշնամիների հիմարությունը և ընկերների հավատարմությունը:
2. Եթե Ձեզ ասում են, որ Դուք բազմակողմանի զարգացած մարդ եք, առանձնապես մի ոգևորվեք: Հնարավոր է՝ նկատի ունեն, որ Դուք միաժամանակ տականք, ստոր և ձրիակեր եք:
3. Եթե դու վիճում ես հիմարի հետ, հնարավոր է, որ նույն բանը նա է անում:
4. Բախտը ժպտում է խիզախներին… Իսկ հետո երկա՜ր ծիծաղում է նրանց վրա:
5. Փոքր չափաբաժիններով ալկոհոլն անվնաս է ցանկացած քանակությամբ:
6. Մտածելն այնքա՜ն դժվար է. Այդ պատճառով էլ մարդկանց մեծամասնությունը դատում է:
7. Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում. Հոռետեսը վախենում է, որ դա հենց այդպես էլ կա:
8. Ոչինչ այնպես չի խոցում, ինչքան սեփական երջանկության բեկորները:
9. Սարսափելի չէ, երբ քեզ վրա ծիծաղում են. ավելի սարսափելի է, երբ քեզ վրա արտասվում են:
10. Իմաստնությունը միշտ չէ, որ գալիս է տարիքի հետ: Պատահում է, որ տարիքը միայնակ է գալիս:
11. Մեր ազատությունը նման է լուսացույցի, որի 3 լույսերն էլ միանգամից են վառվում:
12. Եթե Ձեզ երկար ժամանակ չեն զանգում ընկերներն ու բարեկամները, ուրեմն նրանց մոտ ամեն ինչ լավ է:
13. Դրական էմոցիաներն այն էմոցիաներն են, որոնք ի հայտ են գալիս, երբ թքած ես ունենում ամեն ինչի վրա:
14. Եթե հայտնվում է մեկը, ով պատրաստ է սարեր շուռ տալ, ապա նրան կհետևեն ուրիշները, ովքեր պատրաստ կլինեն նրա վիզը ոլորել:
15. Իսկական միայնությունն այն է, երբ ողջ գիշերը խոսում ես ինքդ քեզ հետ, և քեզ չեն հասկանում:
16. Մարմնամարզությունը կյանքդ երկարացնում է 5 տարով, սակայն այդ 5 տարիները դու պետք է անցկացնես մարզադահլիճում:
17. Կարգին մարդուն կարող ես հեշտորեն տարբերել՝ տեսնելով, թե ինչքան անվարժ է նա ստորություն անում:
18. Մեր կյանքն ի՞նչ է. չես հարմարվի՝ կկորչես, չես կորչի՝ կհարմարվես:
19. Ավելի լավ է սիրով աշխատել, քան ջանք թափել սիրով զբաղվելիս:
20. Մեծ երջանկություն է տեսնել իսկական, արյունոտ, հերոսական կյանքը և մասնակցություն չունենալ դրանում:
21. Դժվար է լինել ամենավերջին փողոցայինը. միշտ ինչ-որ մեկը հարմարվում է հետևից:
22. Հենց սկսում ես հետևել սննդակարգիդ, ինչ-որ մեկը նստում է հաց ուտելու:
23. Ավելի լավ է լռել ու հիմարի տպավորություն թողնել, քան խոսել ու դրանում ոչ մի կասկած չթողնել:
24. Ցանկացած մեքենա հերիք է քեզ ողջ կյանքիդ համար, եթե նրանով չափազանց արագ երթևեկես:
25. Քիչ է սեփական գինդ իմանալը. դեռ պետք է պահանջարկ էլ ունենաս:
26. Կյանքը դաշնամուրի պես է՝ սև և սպիտակ ստեղներ և կափարիչ:
27. Ես միշտ ասում էի՝ կամ ես լավ կապրեմ, կամ իմ ստեղծագործություններն անմահ կլինեն: Եվ կյանքը պտտվեց ստեղծագործությունների կողմը:
28. Երջանի՞կ եմ արդյոք: Տարբեր ժամանակներում այս հարցին տարբեր կերպ եմ պատասխանել, սակայն միշտ՝ բացասական:
29. Ժողովուրդ, եթե մենք, միևնույն է, մինչև կոկորդներս կեղտի մեջ ենք, եկեք գոնե ձեռք ձեռքի տանք:
Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ