Բաժիններ՝

Կաթի փոշի ներկրելու պատճառով տեղական կաթարտադրողները իրացման խնդիրներ ունեն

Asparez.am-ըգրում է.  Վանաձորում անցկացված Լոռու մարզխորհրդի նիստի ընթացքում համայնքապետերը բարձրաձայնեցին մթերվող կաթի հետ կապված խնդիրները: «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանի դիտարկմանը, թե խոսել է «Աշտարակ կաթ» ընկերության ղեկավարների հետ, ովքեր վստահեցրել են, որ գյուղացիներից կաթը գնում են 160 դրամ սակագնով, համայնքապետերն արձագանքեցին այսպես.

-Ասացիք, որ «Աշտարակ կաթի» հետ խոսել եք: Ես այսօր ունեմ 2 տոննա կաթ: Ուզում եմ իմանալ՝ ես կարո՞ղ եմ այդ կաթը մթերել: Ինքս տանեմ «Աշտարակ կաթ» ու խնդրեմ, որ գնեն… Չգիտես ինչի համար դրված է լիմիտային հասկացողություն: Կաթը չեն ընդունում: Այսինքն՝ գյուղերում կաթը կա, բայց այդ կաթը չեն ընդունում: Կոնկերտ Ստեփանավանի տարածաշրջանում ու երեւի մյուս տեղերում էլ կաթի ավելցուկ կա:

Ապա համայնքապետն առաջ քաշեց Հայաստան կաթի փոշի ներկրելու հարցը:

-Եթե իսկապես կաթի փոշի է ներկրվել Հայաստան, այդ դեպքում ինչու՞ կաթի փոշուց արտադրվող մթերքների գինը չի ընկել: Մի ավելի կարեւոր հարց էլ. մենք այսօր խոսում ենք անասնապահության զարգացման մասին: Գյուղացիներիս համար սա ապրելու միջոց է: Եթե մենք մեր կաթը չենք կարողանում վաճառել, իմաստը ո՞րն է նոր սառնարանների եւ այլնի ներդրման:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հարցի հետ կապված նշեց.

-Սա ամենակարեւոր խնդիրն է, որը դուք տեղին բարձրացնում եք: Այդ հարցը անհանգստացնում է բոլորիս: Մի քանի օր առաջ աշխատանքային այցով վարչապետը Լոռու մարզում էր, նրա հետ էր նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Եւ այդ խնդիրը բարձրացվեց: Վարչապետն անմիջական հանձնարարական տվեց եւ չի բացառվում, որ Ուկրաինայից ներմուծվող էժան կաթի փոշին այլեւս չներմուծվի զուտ մեր անասնապահների ու կաթ վերամշակողների պահանջով: Հիմա հանձնարարվել է, որ հաշվարկ կատարվի: Եթե չներմուծվի կաթի փոշին, արդյո՞ք մեր ներքին ռեսուրսները կհերիքեն, որ հանրապետությունում կաթի խնդիր չունենանք: Մարդիկ կան, որ պնդում են, թե չներմուծելու դեպքում մեր կաթի քանակը չի հերիքի, բայց գոնե ներմուծվի այն մասով, որ մասով բաց է մնում: Հաշվարկներից հետո վարչապետի հանձնարարականը, բնականաբար, կլինի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս