Բելառուսը Ռիգայի հռչակագրին աջակցել է պայմանով. Մակեյ
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն այսօր Ռիգայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Բելառուսը «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագրին մասնակցել է պայմանով:
Մակեյը պարզաբանել է, որ Բելառուսն իր կողմից հռչակագրին հավելել է հատուկ հայտարարություն. «Դա գրավոր հայտարարություն է, որը մենք խնդրել ենք հավելել որպես պաշտոնական փաստաթուղթ: Պայմանով աջակցել ենք նրա համար, որ փաստաթուղթը կրի կառուցողական և դեպի ապագա կողմնորոշված բնույթ:
Դա կարելի է անվանել պայման: Ներկայումս գլխավորը զգացական ինչ-որ հայտարարություն չանելն է, գլխավորը դեպի ապագա տանող ճանապարհ կառուցելն է: «Արևելյան գործընկերությունը» պետք է միտված լինի նրան, որ կատարելագործի համագործակցությունը, այն պետք է կոնկրոտ օգուտ բերի մասնակից երկրներին»:
Մակեյի խոսքերով` վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի հետ Բելառուսի բանակցությունները մոտ են եզրափակիչ փուլին: Նա հիշեցրել է, որ վիզային ռեժիմի դյուրացման մասին բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: