Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները կարո՞ղ էր նախաձեռնել անձնապես իր համար

«Եթե գործող իշխանությունը, ինչպես շատերդ փորձում եք կրկնել, նպատակ ունենա վերարտադրության, ապա այդ վերարտադրության հնարավորությունները շատ ավելի մեծ են գործող համակարգի պարագայում, քան փոփոխելու դեպքում: Դա միանշանակ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք անհավանակա՞ն է համարում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները կարող էր նախաձեռնել անձնապես իր համար:

Գագիկ Հարությունյանն ասաց, որ եթե փոփոխություններն ընթանան այն տրամաբանությամբ, որն իրենք են պատկերացնում՝ զուտ իրենց մասնագիտական քննարկումների և բանավեճերի արդյունքում, լուծվելու են առանցքային մի քանի հարցեր, որոնք պետք են երկրին և ժողովրդին:

«Ես չէի ցանկանա, որ իմ երեխաները, ձեր երեխաները, թոռներն ապրեն մի երկրում, որտեղ նաև տասնամյակներ նրանց ճակատագիրը պայմանավորված կլինի առանձին սուբյեկտների սուբյեկտիվ հատկանիշներով: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ ես չէի ցանկանա, որ իրավունքի գերակայության սկզբունքն ընկալվեր, ճանաչվեր, իրացվեր այն մակարդակով, ինչ այսօրվա մեր իրականության մեջ: Ես չէի ցանկանա, որ սահմանադրականության այն դեֆիցիտը, որ մենք ունենք այսօր, լիներ նաև մեր հաջորդ սերունդների համար, որովհետև Սահմանադրության, նրա արժեբանության, մեր հասարակական կյանքի միջև այսօր բավականին խզում է առկա, և այդ դեֆիցիտը բավական մեծ է:

Երրորդը՝ ես չէի ցանկանա, որ լիներ այնպիսի սահմանադրական կարգ, որի պարագաներում հնարավոր լիներ ստվերային իշխանություն: Ոչ միայն ստվերային տնտեսություն, այլ նաև ստվերային իշխանություն: Սովորաբար սահմանադրականության դեֆիցիտը հանգեցնում է նաև դրան, և նաև իշխանության կրողների հայեցողության սահմանների ոչ հստակ հստակությունը հանգեցնում է դրան:

Այս թվարկումները կարելի է շարունակել: Մենք դրան անդրադարձել ենք հայեցակարգում: Մեր խնդիրը, անձնապես իմ մասնակցության խնդիրը ես տեսնում եմ դրանում՝ արդյոք մենք կարո՞ղ ենք մասնագիտորեն, միջագային փորձը հաշվի առնելով, մեր պրակտիկ փորձառությունը հաշվի առնելով՝ գտնել այնպիսի լուծումներ, որտեղ այդ խնդիրները լուծելի կլինեն, և մենք անընդհատ այս նույն բաները կրկնելու առիթ չենք ունենա»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս