ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` Արմավիրի մանկապարտեզներում թունավորման դեպքի մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո` մայիսի 18-ին և մայիսի 19-ին, իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են նաեւ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ:

Շիգելա զոնեն (դիզենտերիան) համարվում է կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հանդիսանում է մարդկային շփման գործոնով պայմանավորված վարակ:

Մանկապարտեզների աշխատակիցների, ինչպես նաև երեխաների առողջական վիճակի հսկողությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահվող գործողություն է, որն ուղղված է դրսից ներթափանցվող վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելուն:

Մանրէաբանական փորձաքննության արդյունքները և վարակի աղբյուրը պարզ կլինեն 7 օրյա ժամկետում:

Իրականացվող կանխարգելիչ միջոցների շրջնակակներում Ծառայության կողմից կազմակերպվել է շրջայց Արմավիր քաղաքի մյուս 10 նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ գնահատելու խոհանոցների սանիտարահիգիենիկ իրավիճակը, սննդամթերքի պահման պայմանները, պիտանիության ժամկետները և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը: Ծառայության մասնագետների կողմից գրանցվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:

Պարզվել է, որ Արմավիր քաղաքի նախադպրոցական հաստատություններին սննդամթերք է մատակարարում միևնույն տնտեսավարող սուբյեկտը («Մ.Ա.Ս.Տ.Ա.» ՍՊԸ), որում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արդեն իրականացվում է ստուգում:

Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս