Բաժիններ՝

«Շատ ավելի սկզբունքային ու կարևոր է ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը». Արծվիկ Մինասյան

Սուրիկ Խաչատրյանի հարցն իրավական հարթության մեջ պետք է լիարժեք քննության ենթարկվի: Նման տեսակետ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվությունը ցույց տվեց, որ հանցավորությունը ՀՀ-ում նահանջ չի ապրում, և համարժեք գործողություններ են պետք:

«Ինչ վերաբերում է մեղավորների շրջանակին, մենք կարող ենք հաստատ և հստակ ասել, որ մենք կապ չունենք դրա հետ»,- կատակեց Ա.Միանսյանը՝ հույս հայտնելով, որ այդպիսով աջակցում է իրավապահներին և նեղացնում մեղավորների շրջանակը:

Ըստ նրա՝ ցանկացած հարցի վերաբերյալ իրավական կողմը պետք է ապահովվի, և դա որոշակի ժամանակ ու գործողություններ է պահանջում. «Այն, ինչի ականատես ենք լինում, վստահ եմ, որ չի բավարարում ՀՀ որևէ քաղաքացու: Խոսքը հանցագործությունների բացահայտման, աղմկահարույց դեպքերի բացահայտման մասին է, որ դանդաղում է, և ոչ ճիշտ գործողություններն անվստահություն են ներարկում իրավապահ համակարգի հանդեպ, և որոշակի խոչընդոտում է բացահայտման արագությանը»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա նշեց, որ միայն Սուրիկ Խաչատրյանի մասին չէ խոսքը, և շատ ավելի սկզբունքային ու կարևոր է Հրաչ Մուրադյանի սպանությունը, որովհետև խոսքը լոկ մի քաղաքացու մասին չէ, այլ ազատամարտիկի մասին է, և դա օր առաջ բացահայտելը կարող է վստահություն ներշնչել ցանկացած գործի համար: Ա. Մինասյանը կարևորեց, որ մտայնությունը չլինի, թե կարող են հանցագործություն գործել ու պատասխանատվություն չկրել:
Ա.Մինասյանի կարծիքով՝ ՀՀ դատախազության գործունեությունը վերանայման կարիք ունի, իսկ գլխավոր դատախազի խոսքը վստահություն չի ներշնչում, կոնկրետ արդյունքներ են պետք:

Թե որքանո՞վ է ՀՀ նախագահը միջամտում Դատախազության աշխատանքին ու ցուցումներ տալիս, Ա.Մինասյանը հայտարարեց, որ սահմանադրական նորմով ՀՀ նախագահը համակարգում է իրավապահ մարմինների աշխատանքը և չի կարող հանձնարարություն չտալ. «Այլ բան է, որ ՀՀ նախագահի ցուցումը չի կարող լինել նրանով, որ ուղղորդում տեղի ունենա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս