Բաժիններ՝

Ֆրանսահայ գործչին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան. Հիմնադիր խորհրդարան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանի նկատմամբ հետապնդման վերաբերյալ։

«Երեկ երեկոյան Երեւան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:

Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար եւ ակտիվ մասնակից: Նա նաեւ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է:

Երեւան ժամանելու պահից առանց որեւէ պատճառաբանության նրա ձեռքից վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես նաեւ ֆրանսիական անձնագիրը: Ամբողջ գիշերվա ընթացքում նրան պահել են սահմանային գոտում եւ չեն տեղեկացրել իր մուտքն արգելելու պատճառների մասին:

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նրան իր կամքին հակառակ հետ են ուղարկում Ֆրանսիա Երեւան-Փարիզ 08:40-ի չվերթով:

Ստալինյան մեթոդներով իրականացվող քաղաքական հալածանքի եւ խտրականության միջոցով հային իր Հայրենիքից հեռացնելու այս հերթական ազգադավ քայլը ոչ միայն պետք է ծանր հիշողություններ արթնացնի մեր հայրենակիցների շրջանում, այլեւ պետք է դառնա համախմբվելու եւ հանցավոր ու ապազգային ռեժիմին հեռացնելու եւս մեկ շարժառիթ»,- ասվում է ՀԽ հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս