Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ ստորագրված ռազմական բնույթի 5 պայմանագիր
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Ռուսաստանի Դաշնության հետ 5 համաձայնագրի չեղյալ հայտարարման օգտին: Մասնավորապես, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության դադարեցման օգտին քվեարկել է 272 պատգամավոր:
Համաձայնագիրը ստորագրվել է 1995 թվականի նոյեմբերի 25-ին, Սոչիում, և Գերագույն ռադայի կողմից վավերացվել է 2002 թվականի հունվարի 10-ին: Այն նախատեսում է երկու երկրների զինված ուժերի զարգացման համար փոխգործակցություն ու համակարգված ջանքեր՝ հենված կոնկրետ ուղղություններով առանձին համաձայնագրերի վրա:
Ռազմական հետախուզության ոլորտում երկու երկրների միջև կնքված պայմանագրի չեղյալ հայտարարման օգտին քվեարկել է 268 պատգամավոր: 264 պատգամավոր քվեարկել է ռազմական միջպետական մատակարարումների կազմակերպման մասին պայմանագրի չեղյալ հայտարարման օգտին:
Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանման պայմանագրի չեղյալ հայտարարման օգտին քվեարկել է 261 պատգամավոր:
Մոլդավայի տարածքում գտնվող ռուսական զորամիավորումների՝ Ուկրաինայի տարածքով տարանցման մասին համաձայնագրի վերացման օգտին քվեարկել է 265 պատգամավոր: