ԵՄ-ն վստահեցրել է, որ «Արևելյան գործընկերությունը» չի զարգանալու ի վնաս Ռուսաստանի շահերի. Լավրով
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին վստահեցրել է, որ «Արևելյան գործընկերության» երկրների հետ ԵՄ համագործակցությունը չի զարգանա ի վնաս Ռուսաստանի: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ԵՄ-«Արևելյան գործընկերություն» հարաբերություններում հաշվի առնել նաև Եվրոպայի արևելքի ինտեգրացիոն գործընթացները, և, որ դրանք ուղղված լինեն այդ գործընթացների հետ ներդաշնակությանը և ոչ թե՝ դրանց հակադրվելուն.
«Դժբախտաբար, մենք գործ ունենք հակադրվելու հետ, իրավիճակը «կամ-կամ» ներկայացնելու փորձերը, զրոյական արդյունքով խաղի նման, կհանգեցնեն անցանկալի, անբարենպաստ արդյունքների:
Մեր եվրոպացի գործընկերները հասկանում են դա, նրանք, այդ թվում՝ նաև Ֆեդերիկա Մողերինին, ինձ հետ երեկվա բանակցություններում վստահեցրել են մեզ, որ «Արևելյան գործընկերությունը» չի զարգանալու ի վնաս Ռուսաստանի շահերի: Դրանք ճիշտ խոսքեր են, սակայն մենք կցանկանայինք, որ այդ բառերն ամրագրվեին կոնկրետ գործերով»: