Եվրոպական հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնումը: Այս մասին այսօր հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում.
«Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր իրավիճակների (տարբեր գործընկերների հետ հարաբերություններում): Մեր գործընկերներից («Արևելյան գործընկերության» գծով) երկուսը՝ Հայաստանն ու Բելառուսը, որոշել են դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, և այդպիսով մենք պետք է ուսումնասիրենք ու որոշենք, թե ներկայումս ինչպես խորացնենք մեր հարաբերությունները:
Եվրոպական հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել (Հայաստանի հետ) շրջանակային համաձայնագրի նոր դրույթները, որոնք նման չեն լինի քաղաքական ինտեգրման համաձայնագրին, սակայն կօգնեն ուժեղացնել Հայաստանի հետ մեր հարաբերությունները և հաշվի կառնեն այն փաստը, որ երկիրը որոշել է դառնալ ԵՏՄ-ի մի մասը»: