Սաակաշվիլին հերքել է Ուկրաինայի իշխանությունների մոտ քաղաքական կամքի բացակայության մասին իր խոսքերը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների միջազգային խորհրդի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հերքել է ուկրաինական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, իբրև թե ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները չունեն քաղաքական կամք՝ երկրում բարեփոխումներ անցկացնելու համար:

Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհուրդը հայտարարում է, որ այդ մեջբերումները կեղծ են, և մենք ափսոսանք ենք հայտնում, որ ուկրաինական առաջատար գործակալություններն առանց ստուգման տարածել են նման տեղեկատվություն»:

Մայիսի 15-ին Укринформ-ը ներկայացրել էր Սաակաշվիլիի հետևյալ խոսքերը. «Ես կարծում եմ, որ փոփոխությունները հնարավոր են միայն հասարակական ճնշման ճանապարհով, քանի որ վերնախավում չեմ տեսնում քաղաքական կամք:

Եվ բացի այդ, ուկրաինական իշխանությունների կառուցվածքն այնպիսին է, որ թույլ չի տալիս անգամ քաղաքական կամքի առկայության դեպքում արագորեն իրագործել դրանք»:

Տեսանյութեր

Լրահոս