ԿԺԴՀ-ի ՊՆ-ում դժգոհ են Կիմ Չեն Ինից. մամուլ
Հարավկորեական The Chosun Ilbo թերթի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի Պաշտպանության կոմիտեի կադրային աշխատակիցները դժգոհություն ու վրդովմունք են հայտնել իրականությունից կտրված երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի չափազանց ցուցումների կապակցությամբ:
Այս մասին թերթին հայտնել են նրա սեփական աղբյուրները: Նրանց խոսքերով՝ Կիմ Չեն Ինը կարգադրել է զինծառայողներին ապահովել նվերներով՝ կապված Կիմ Չեն Իրի ու Կիմ Իր Սենի ծննդյան հետ (փետրվարի 16 և ապրիլի 15):
Սակայն դրա համար Կորեայի Աշխատավորական կուսակցությունը հարկադրված է եղել օգտագործել սեփական ռեզերվը, որը ստեղծվել է պատերազմի դեպքում օգտագործվելու համար: Թերթի պնդմամբ՝ ԿԺԴՀ-ի ՊՆ-ում շարունակվում է մաքրումների գործընթացը:
Դա առնչվում է պաշտպանության նախարար Խյոն Յոն Չհոլի մերձավորներին՝ ներառյալ նրա առաջին տեղակալը: Նրանց կա՛մ պաշտոնանկ են արել, կա՛մ՝ աստիճանազրկել: Մաքրումների շնորհիվ նաև գումարներ են տնտեսվում, ինչը պետք կգա պատերազմի դեպքում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախարար Խյոն Յոն Չհոլին, ով միջոցառումներից մեկի ժամանակ համարձակվել էր նիրհել Կիմ Չեն Ինի ներկայությամբ: