ԵՄ-ում վստահ են, որ Մուրսիի գործով դատավճիռը կվերանայվի բողոքարկման գործընթացում
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարել է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին ու նրա համակիրների նկատմամբ կայացված մահվան դատավճիռը չի համապատասխանում Եգիպտոսի միջազգային պարտավորություններին:
Այս մասին նշված է մայիսի 17-ին ԵՄ-ի կայքում տեղ գտած հայտարարությունում: Մողերինին ընդգծել է, որ միջազգային չափորոշիչների համաձայն՝ եգիպտական իշխանությունները պարտավորվել են դատավարությունների ժամանակ ապահովել ամբաստանյալների իրավունքները.
«Մենք ԵՄ-ում վստահ ենք, որ դատավճիռը վերանայվելու է բողոքարկման գործընթացում: Պետք է երաշխավորվեն իրավունքի գերակայությունն ու կայունությունը: ԵՄ-ը դեմ է հանդես գալիս ամեն տիպի դեպքերում մահապատժի ենթարկելուն, քանի որ դա դաժան ու անմարդկային է և մերժում է մարդկային արժանապտվությունն ու անձեռնմխելիությունը»: