Ռուսաստանը դեմ է արտահայտվել Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ներառելու փորձերին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, հրաժարվելով Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունից, կրակել է իր ոտքին:
Գրուշկոն այդ կերպ է մեկնաբանել Անթալիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների գագաթաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այն հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ն պահպանում է Ռուսաստանի հետ քաղաքական շփումները, սակայն հրաժարվում է նրա հետ գործնական համագործակցությունից:
Գրուշկոն հայտարարել է, որ դա նշանակում է փաստի արձանագրում. «Դեռ չի երևում ՆԱՏՕ-ի կողմից գործնական համագործակցություն փնտրելու որևէ ցանկություն: Այստեղ դաշինքը կրակել է իր ոտքին»: Գրուշկոն հաստատել է, որ ՆԱՏՕ-ի հետ տարվում է քաղաքական երկխոսություն, որ իրենք հանդիպումներ են ունենում դեսպանների հետ, սակայն այդ ամենը գոհացուցիչ չէ:
Գրուշկոյի խոսքերով` ՆԱՏՕ-ի վերաբերմունքը չի փոխվել Ուկրաինայի հարցում, և որ ՆԱՏՕ-ն շարունակում է ուշադրություն չդարձնել Ուկրաինային առնչվող օբյեկտիվ տեղեկատվության վրա: Գրուշկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Վրաստանն ու Ուկրաինան իր կազմում ընդգրկելու ուղղությամբ անմիտ փորձեր ձեռնարկելում.
«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն հետևողականորեն իրականացնում է Վրաստանի հետ մերձեցում, որպեսզի Վրաստանի զինված ուժերը հասցնի իր չափորոշիչներին, որպեսզի նրան ինտեգրի դաշինքին: Սակայն ՆԱՏՕ-ում շատ են առողջ մտածելակերպով մարդիկ, շատերը հասկանում են բաց դռների անմիտ քաղաքականության ռիսկերը»: