Նոր մանրամասներ լրագրող Արմեն Դավթյանի դեմ հարուցված քրեական գործից. ՔԿ

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է քաղաքացի Ա.Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել նրա հետ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա.Դավթյանը խոստացել է Ա.Գևորգյանի ղեկավարած ընկերությանը հանձնել նշված ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարումը՝ առաջարկելով իրեն տրամադրել ֆինանսական միջոցներ՝ ծրագրերը կազմելու, վերակազմելու, դրանք իբր հաստատման ներկայացնելու, իսկ հետագայում էլ` ծրագրերի համար նախատեսված գումարներն իբր հափշտակած և փախուստի դիմած իր գործընկերոջը հայտնաբերելու և գումարները վերադարձնելու պատրվակով։

Ձեռք բերելով համաձայնություն նշված հարցերի շուրջ՝ Ա.Դավթյանը, չարաշահելով Ա.Գևորգյանի վստահությունը, 2011-2013թթ. նրանից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով` 18.000.000 ՀՀ դրամ եւ հափշտակել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Քննչական Կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս