Արամ Մանուկյան. «Հարվածողը «գող կատվի հայացք» ուներ, ուրախացավ, երբ ինձ տեսավ»
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատական նիստը։
Դատարանում այսօր ցուցմունք տվեց տուժող ճանաչված Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ նախկինում ամբաստանյալ Արշակ Սվազյանին չի ճանաչել։ Նշեց, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին է տեղի ունեցել դեպքը, այդ օրը ՀԱԿ վարչությունից դուրս է եկել, ոտքով քայլել է Մաշտոցի պողոտա, Փակ շուկայում գնումներ է կատարել, ապա տաքսիով գնացել է իր տուն։ Նա ասաց, որ շքամուտքում տեսել է «մեր հերոսին», նա մոտեցել է իրեն, հարվածել, ինքը չէր սպասում, որ հարված կստանա։ Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը ընկել է, կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը, ապա, ուշքի գալով, զանգահարել է ոստիկանություն, ինչից հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ինքը մնացել է 10 օր:
Հետագայում լուրջ հետևանքներ են առաջացել, ապա բուժումների արդյունքում դրանք վերացել են։
Պատասխանելով մեղադրողի հարցին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ «գող կատվի հայացք» կար իրեն հարվածողի մոտ, գուցե դա իր երևակայության արդյունքն է, իրեն թվացել է, որ իրեն տեսնելով` այդ անձն ուրախացել է։ Արամ Մանուկյանն ասաց, որ իրեն հարվածողը մուգ բաճկոն է կրել, մուգ հագուստ, գործած գլխարկ, իրեն հարվածողն ամբաստանյալն է եղել։
Ամբաստանյալի պաշտպան Լիանա Բալյանի հարցին՝ արդյոք Արամ Մանուկյանը թշնամիներ ունի՞, Արամ Մանուկյանը բացասական պատասխան տվեց։ Հարցին՝ արդյոք հրապարակավ հայհոյե՞լ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Արամ Մանուկյանը կրկին բացասական պատասխան տվեց։ Արամ Մանուկյանն ասաց, որ սա կազմակերպված հանցագործություն է, իրեն երկար ժամանակ հետևել են և ոչ մեկ անձ։ Նա ասաց, որ կատարվածն իր քաղաքական գործունեության համար է։ Նա նշեց, որ ինքը ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ է, երկար տարիներ բաց քննադատել է իշխանություններին։
Ասաց, որ նախորդ տարվանից բռնություններ են եղել, քաղաքական-քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն է կիրառվել և դրանք բոլորն նպատիժ են մնացել։ Դատավորի հարցին՝ արդյոք պահանջ ունի՞ ամբաստանյալից, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ իր խնդիրն իրականացնողի հետ չէ, պատվիրողի հետ է։ Արամ Մանուկյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, հայտարարեցին, որ տուժող կողմի ներկայության անհրաժեշտություն չկա։
«Քանի որ դատարանն այլևս հնարավորություն չունի ազդելու արդարադատության վրա, քանի որ այս գործի քննությունը չի բացահայտելու իրական հանցագործներին, համարում ենք, որ այլևս անիմստ է մասնակցել և միջնորդում ենք հետայսու անցկացնել առանց տուժողի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։