Իրանն ապակայունացնում է մերձավորարևելյան տարածաշրջանը. Օբամա
Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն առանցքային շահեր ունի Մերձավոր Արևելքում, իսկ Իրանը զբաղված է հարևան երկրներում իրավիճակի ապակայունացմամբ.
«Ինչպես ես երկու տարի առաջ հայտարարեցի ՄԱԿ-ում, ԱՄՆ-ն առանցքային շահեր ունի Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ի շահերի մեջ է մտնում ահաբեկչական ցանցերի ոչնչացումը, որոնք սպառնում են ամերիկացիներին, ինչպես նաև թույլ չտալ տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքի մշակումը:
Ես հստակ հասկացնել տվեցի, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել իր ուժի յուրաքանչյուր տարրեր՝ պաշտպանելու համար իր այդ շահերը»: Օբաման հայտարարել է, որ Իրանն ակնհայտորեն ձեռնարկում է տարածաշրջանի տարբեր երկրներն ապակայունացնող ու վտանգավոր քայլեր, ինչը մտահոգում է նաև տարածաշրջանի երկրներին:
Իրանն ահաբեկչություն է հովանավորում: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել անգամ «միջուկային» համաձայնագրից հետո, քանի որ Իրանի պահվածքը դատապարտելի է: