Իրանի Ազգային բանկը սառեցված միջոցներից ստացել է 4.9 միլիարդ դոլար
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը նախատեսվածի պես ամբողջովին ստացել է արևմտյան բանկերում սառեցված ակտիվները: Այս մասին երեքշաբթի հայտնել է Իրանի Ազգային բանկը:
Վերջինիս ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն օտար բանկերում իր սառեցված ակտիվների երրորդ մասից ստացել է վերջին փոխանցումը՝ «Վեցնյակի» ժամանակավոր համաձայնագրի պայմաններին համապատասխան:
2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանի ու «Վեցնյակի» միջև ձեռք բերված միջանկյալ համաձայնագրով Իրանը սկսել է ստանալ օտար բանկերում իր սառեցված ակտիվները:
Դա իրականացվել է երեք փուլով, որոնցից առաջին երկուսի շրջանակներում Իրանը ստացել է ընդհանուր առմամբ 7 միլիարդ դոլար: Երրորդ փուլում Իրանը մի քանի հավասար փոխանցումներով ստացել է 4.9 միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ տարբեր գնահատականներով Իրանի արտերկրյա հաշվեհամարներում դեռ արգելափակված է մնում մոտ 100 միլիարդ դոլար: Ենթադրվում է, որ դրանք կապաարգելափակվեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի ստորագրումից ու պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո: