Բաժիններ՝

ՊԵԿ նախկին աշխատակիցը ցուցմունք է տալիս. նրան առևանգել են, ծեծի ենթարկել և 15-20 օր ի վիճակի չի եղել ոտքի կանգնել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր խարդախության մեջ մեղադրվող, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը շարունակեց ցուցմունք տալ: Իր ցուցմունքում ամբաստանյալը ներկայացրեց, թե ինչպես է սկսել բիզնեսով զբաղվել, երբ են դժվարություններ առաջացել:

Նա նշեց, որ իրեն առևանգել են, ծեծի ենթարկել և 15-20 օր ի վիճակի չի եղել ոտքի կանգնել: Այդ պատճառով այլ գրավատներում իր գրավատներում եղած ժամկետանց ոսկեղենի մի մասը վաճառվել է, սակայն ինքը հետագայում դրանց համար փոխհատուցել է: Ամբաստանյալն ասաց, որ ինքը յուրացնելու նպատակ չի ունեցել: «Մեղադրանքում քննիչը չգիտեմ՝ ինչու է նշում, որ իբր թե իմ անունով եմ ես դրանք գրավադրել և օգտագործել իմ անձնական շահերի համար: Բայց նման բան ոչ մի անգամ չի եղել»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ գրավները իր անունով չեն եղել, ինքը դրանից չի խուսափել, բայց դա ժամանակատար գործընթաց է:

Նա նշեց, որ տուժող ճանաչված Վահրամ Մկրտչյանի անունով փոխառության պայմանագրեր են կնքվել, որոնց տակ ստորագրել է հաշվապահը, դրանք վերջինս ներկայացրել է նաև եկամուտների հայտարարագրում. «Ես ուղղակի չհասակացա՝ ինչն էր Վահրամի խնդիրը, որ այդ ժամանակ առաջ քաշեց, թե իբր թե իր ստորագրությունը կեղծվել է լիազորագրում: Ոչ մի անգամ ինքը չի ընդդիմացել»: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում հաշվապահը նշել է, որ նման բան չի արել, սակայն քննիչի ուղղորդող հարցից հետո ասել է, թե ինքն է հանձնարարել դա անել:

Արտակ Ղուկասյանը հայտնեց նաև, որ ինքը քննության ժամանակ կրիչով ինֆորմացիա է ներկայացրել, որում տեղեկություն էր պարունակվում իր գործունեության շարժի վերաբերյալ, սակայն դրանից ինֆորմացիա է ջնջվել: Դատավորի հարցին, թե ինչի՞ն էր վերաբերում այդ ջնջված հատվածը, ամբաստանյալը պատասխանեց, որ այն հիմնականում վերաբերում էր «տոկոսչիներին և ստվերներում շրջանառվող գումարներին»:

Արտակ Ղուկասյանն ասաց, որ բիզնեսն «աճացրել է» այն աստիճանի, որ ի վիճակի է եղել շարունակել բիզնեսը առանց իրեն գումար տվողների գումարի: «Ինչ է ստացվում: Ես իրենց գումարներով այդ գրավատները ծաղկեցրի, սարքեցի, շուկայում կայուն տեղ գրավեցի: Ու արդեն ես իրենց առաջարկեցի՝ ասացի՝ կամ իջեցրեք ձեր տոկոսները, կամ ձեր գումարները հետ եմ տալիս: Այս մարդիկ էլ հաշվարկ արեցին՝ այս ինչպես եղավ` մեր փողերով դարձավ գրավատների տեր, դարձավ հնարավորություն տեր, հիմա էլ ուզում է մեզ խաղից դուրս հանի: Միանգամից բռնեցին, ինձ խաղից դուրս հանեցին: Այսօր գրավատներն էլ են իրենց ձեռքի տակ, տարադրամի փոխանակման կետերն էլ»,- ասաց ամբաստանյալը:

Դատական հաջորդ նիստում՝ մայիսի 20-ին, ամբաստանյալը կշարունակի ցուցմունք տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս