Չի բացառվում, որ ՌԴ-ն որոշի ներկա գտնվել ԼՂ հակամարտության գոտում՝ խաղաղարար զորքերով. Լիլիթ Գևորգյան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին լարված է լինելու առաջիկա ամիսներին և տարիներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը` անդրադառնալով ռուսաստանցի վերլուծաբանների պնդումներին, թե օգոստոս ամսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվելու:

Լիլիթ Գևորգյանը նշեց ` չի բացառվում, որ շփման գծում իրավիճակը լարվի, ի տարբերություն այն անդորրի, որը կբերեն Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերը: Նրա համոզմամբ` լայնամասշտաբ պատերազմը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական շահերին դեմ է հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը վստահ չէ` արդյո՞ք կկարողանա արագ հաղթանակ տանել մեծածավալ հարձակման դեպքում:

«Բայց հայ-ադրբեջանական սահմանները շարունակելու են լարված մնալ գալիք ամիսների և տարիների ընթացքում: Ավելին, ժամանակ առ ժամանակ հնարավոր են խոշոր բախումները, ինչը, իհարկե, մեծացնում է չծրագրված, այսպես կոչված՝ «պատահական պատերազմի» վտանգը: Բայց չեմ կարծում, որ «պատահական պատերազմի» վտանգն ավելի մեծ է ներկայումս, քանի որ կողմերն արդեն սովոր են կտրուկ լարվածությանն ու գիտեն, թե ինչպես վերահսկեն իրավիճակը լայնամասշտաբ, չպլանավորված պատերազմը կանխելու համար»,- ասաց Լիլիթ Գևորգյանը: Վերլուծաբանի կարծիքով, ադրբեջանական կողմի ռազմական գնումներն ավելացնում են այդ երկրի ինքնավստահությունը, ինչին նպաստում է նաև Հայաստանի թույլ տնտեսական վիճակը, արտագաղթը, որը պայմանավորված է թե՛ տնտեսական վատ պայմաններով, թե՛ ժողովրդավարական հետընթացով, թե՛ ՀՀ իշխանությունների դիվանագիտական ձախողումներով:

«Չնայած Հայաստանն արագ և աներկմիտ կերպով մի կողմ նետեց ԵՄ- ի հետ հարաբերությունների խորացումը և միացավ Ռուսաստանի կողմից առաջարկվող այլընտրանքային խմբակին` Եվրասիական տնտեսական միությանը, միևնույն է` չկարողացավ Ռուսաստանին համոզել, որ վերջինս մի կողմ դնի իր բալանսավորված քաղաքական գիծն Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:

Չնայած հայկական կողմի բոլոր բարեկամական ժեստերին` Մոսկվան տարբերություն չի դնում Հայաստանի և Ադրբեջանի մեջ՝ նրանց համարելով իր ռազմավարական գործընկերներ»,- նման տեսակետ հայտնեց Լիլիթ Գևորգյանը` շարունակելով, որ ԼՂ-ում ներկայիս ստատուս-քվոյի փոփոխությունը միայն ավելորդ խնդիրներ է ստեղծելու Մոսկվայի համար: Թեև, ըստ վերլուծաբանի, չի կարելի բացառել այն տարբերակը, որ Ռուսաստանը որոշի ավելի լրջորեն ներկա գտնվել հակամարտության գոտում, այն է՝ տեղակայել իր խաղաղարար զորքերը:

«Բայց խնդիրն այն է, որ Մոսկվան արդեն ներգրավված է ուկրաինական թնջուկի մեջ, իսկ նոր պատերազմը ԼՂ-ում կարող է անկանխատեսելի քաղաքական և տնտեսական հետևանքներ ունենալ»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հիմա անվստահության բարձր մակարդակ ունեն:

«Եթե մինչև ռուս-վրացական պատերազմը Արևմուտքը պատրաստ էր Մոսկվային տալ խաղաղարար առաքելության մանդատ, օրինակ` Հարավային Օսիայում, ապա 2008-ի պատերազմից և հատկապես՝ Ուկրաինայի մասնատումից հետո, նմանատիպ սերտ համագործակցություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև գրեթե անիրական է մոտ ապագայում»,- կանխատեսեց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս