Մեդվեդևը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների վարչապետներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի վարչապետներին:
Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը. «Շնորհավորական ուղերձներում ընդգծվում է, որ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում մարտնչած մեր պապերի ու հայրերի աննկուն սխրանքը, թիկունքայինների անձնազոհությունը մշտապես մնում են ներկայիս ու ապագա սերունդների հիշողության մեջ»:
Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ պատերազմի տարիներին այդ երկրների ժողովուրդներին համախմբած եղբայրությունն ու բարեկամությունը հետագայում նույնպես կծառայեն երկրների միջև համագործակցության ամրապնդմանը առևտրային-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտներում:
Մեդվեդևն իր գործընկերներին խնդրել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին փոխանցել իր մաղթանքները: