Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակման կազմակերպիչը Եմենում զոհվել է ավիահարվածի ժամանակ. մամուլ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» եմենյան մասնաճյուղի առաջնորդ Նասեր բեն Ալի ալ-Անսին:
Ալ-Անսին ավելի վաղ հայտարարել է, որ իր խմբավորումը ստանձնում է 2015 թվականի հունվարին Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակման պատասխանատվությունը:
Որոշակի տվյալներով՝ ալ-Անսիի ոչնչացման համար օգտագործվել է անօդաչու թռչող սարք: Նա զոհվել է Եմենի հարավում գտնվող Էլ-Մուկալա նավահանգստային քաղաքում կատարված ավիահարվածի ժամանակ:
Ալ-Անսիից բացի, զոհվել են նաև նրա որդին ու մի շարք զինյալներ: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չի հաստատել Նասեր ալ-Անսիի զոհվելը: