Թուրքիայի ռազմածովային ուժերն ավիակրով կհամալրվեն 2021 թվականին
Թուրքական Takvim թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը համալրվելու են իրենց խոշորագույն ծովային միջոցով՝ ավիակրով: Այն Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը կհանձնվի 2021 թվականը:
Ավիակրի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է Ստամբուլում ընթացող IDEF-2015 միջազգային 12-րդ ռազմական ցուցահանդեսի շրջանակներում: Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունն ու Sedef նավաշինական ընկերությունը:
Վերջինիս ծովային միջոցների հարցերով բաժնի պետ Մուժդաթ Ուլուդաղը հիշեցրել է, որ նախագծի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2013 թվականին և որ իրենք նպատակադրվել են ավիակիրը նավատորմին հանձնել 2021 թվականին:
Ուլուդաղի խոսքերով՝ ավիակիրն իր գործունեությունը ծավալելու է Էգեյան, Սև և Միջերկրական ծովերում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Հնդկական ու Ատլանտյան օվկիանոսներում:
Ուլուդաղը նշել է, որ ավիակրի վրա կկկարողանան միաժամանակ թռչել ու վայրէջք կատարել 6 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանում կարող են տեղակայվել նաև ԱՄՆ-ից ստացվելիք F-35 կործանիչները:
Ավիակրի մեջ կարող են տեղակայվել նաև տանկեր ու այլ զրահատեխնիկա: Ավիակրի երկարությունը կազմելու է 231 մետր, իսկ ջրատարողությունը՝ 27.436 տոննա: