Սաակաշվիլու կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլուց պահանջել է չմիջամտել պետական գործերին և լքել երկիրը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստները երկու ակցիա են անցկացրել Թբիլիսիում, որոնց ժամանակ պահանջել են կառավարության հրաժարականն ու խորհրդարանական վաղաժամ ընտրությունների նշանակում:
Սաակաշվիլու կուսակցության մի քանի տասնյակ անդամներ հավաքվել են Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու նստավայրի մոտ և նրանից պահանջել են չմիջամտել պետական գործերին ու լքել Վրաստանը:
Ակցիայի կազմակերպիչներից Գոգա Օնիանին հայտարարել է, որ եթե դու Բիձինա Իվանիշվիլու ազգականը կամ «նրա մարդը» չես, ապա դու չես ստանա որևէ պաշտոն. «Նա կատարելապես անվճար ձևով իր մերձավորներին բաժանում է պետական սեփականություն, ինչի համար էլ պետք է լքի Վրաստանը»:
Մյուս ակցիայի ժամանակ Սաակաշվիլու համախոհները պահանջել են կառավարության հրաժարականը. «Կուլիսների հետևից Բիձինա Իվանիշվիլու գլխավորած կառավարության պատճառով Վրաստանը հայտնվել է տնտեսական խորը ճգնաժամի մեջ, ինչի համար էլ նա պետք է հրաժարական տա:
Միայն վաղաժամ խորհրդարանական ընտրություններն ու նոր պրոֆեսիոնալ կառավարության կողմից իշխանության գլուխ գալը կարող է փրկել Վրաստանը»: Ընդգծվում է, որ ակցիաներն անցել են առանց միջադեպերի: