Գերմանիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Շտայնմայեր

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, իսկ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) հետ Ռուսաստանի ստորագրած համաձայնագրերը հակասում են այդ սկզբունքին:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Նա երեկ հանդիպել է երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ուշադրություն են դարձրել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության վրա:

Բերուչաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Շտայնմայերը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք արդիականացման ճանապարհին աջակցել Վրաստանին: Մենք վրացի գործընկերոջը հայտնել ենք, որ Գերմանիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, իսկ այն համաձայնագրերը, որոնք Ռուսաստանը ոչ վաղ անցյալում ձևակերպել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, հակասում են այդ սկզբունքին, ինչի համար էլ այդ համաձայնագրերն իրենց համար բացարձակապես անընդունելի են»:

Բերուչաշվիլին իր հերթին՝ հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի ու Ուկրաինայի հանդեպ ագրեսիվ գործողությունները: Ռուսաստանը դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն Աբխազիայի հետ ստորագրել է 2014 թվականի դեկտեմբերին:

2015 թվականի փետրվարին Ռուսաստանը  Հարավային Օսիայի հետ ստորագրել է պետական սահմանի մասին պայմանագիր, իսկ մարտին՝ դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր:

Տեսանյութեր

Լրահոս