Բալթիմորում վերացվել է պարետային ժամը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բալթիմորում վերացվել է պարետային ժամը, որն իշխանությունները մտցրել էին սևամորթ Ֆրեդդի Գրեյի մահվանից հետո բռնկված զանգվածային անկարգությունների կապակցությամբ:
Բալթիմորի քաղաքապետ Սթեֆանի Ռոլինգս Բլեյքի խոսքերով՝ քաղաքի փողոցներում անդորրը վերականգնվել է բավականաչափ, ինչն էլ իրեն հնարավորություն է տվել որոշում ընդունել ապրիլի 28-ին մտցրած պարետային ժամը վերացնելու մասին:
Պարետային ժամը գործել է ժամը 22.00-05.00 ժամանակահատվածում: Այս շաբաթ կիրականացվի քաղաքի փողոցներից Մերիլենդի Ազգային գվարդիայի դուրս բերումը: Ներկայումս հասարակական կարգի պահպանման մեջ ներգրավված է մոտ 2600 գվարդիական:
Գրեյը հիվանդանոցում մահացել է ապրիլի 19-ին, ինչից հետո Բալթիմորի բնակիչները դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ բողոքելով ոստիկանության կոշտ վերաբերմունքի դեմ: Գրեյը հիվանդանոց էր բերվել ոստիկանատնից: Բալթիմորի սևամորթ բնակիչը վնասվածքներ էր ստացել ձերբակալման ժամանակ: