Նեպալի իշխանությունները բացառել են փլատակների տակ ողջ մնացած մարդկանց գտնելու հնարավորությունը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Նեպալի իշխանությունները բացառել են երկրաշարժից հետո փլատակների տակ ողջ մնացած մարդկանց գտնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Նեալի ՆԳՆ-ի մամլո քարտուղար Լաքշմի Պրասադ Դհակալը:
Նա հայտարարել է, որ աղետի գրանցվելուց հետո անցել է արդեն մեկ շաբաթ. «Մենք փորձում ենք անել մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, իրականացնում ենք որոնողա-փրկարարական գործողություններ, սակայն ներկայումս չեմ կարծում, թե կա որևէ հնարավորություն` ավերակների տակից ողջ մնացածների գտնելու հնարավորություն»:
Փրկարարական գործողություններին մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրների փրկարարական թիմեր: Նեպալի ՆԳՆ-ի վերջին տվյալներով` զոհվածների թիվը կազմում է 6621 մարդ, իսկ տուժածներինը` 14.023 մարդ: Անհետ կորածների թվում կան ԵՄ-ի երկրների մոտ 1000 քաղաքացիներ: Նեպալի ավերիչ երկրաշարժը գրանցվել է ապրիլի 25-ին: