ԵՄ-ը ցանկանում է, որ Կասպյան տարածաշրջանից Եվրոպա գազի մատակարարումները մեկնարկեն 2019-2020 թվականներին. Շեֆչովիչ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովի` էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը երեկ Աշգաբադում հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է, որ Կասպյան տարածաշրջանից Եվրոպա բնական գազի մատակարարումները մեկնարկեն 2019-2020 թվականներին:
Շեֆչովիչը հայտարարել է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում ԵՄ-ի ու Թուրքմենստանի գործընկերության ամրապնդման հարցը, ինչպես նաև եվրոպական շուկա էներգոռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացումը:
Շեֆչովիչն ընդգծել է, որ իրենց համար կարևոր ու ռազմավարական նախագիծ է հարավային էներգետիկ միջանցքի նախագիծը: Նրա խոսքերով` այսօր տվյալ թեման քննարկվելու է ԵՄ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի ներկայացուցիչների քառակողմ հանդիպման ժամանակ:
Շեֆչովիչը հավելել է, որ Բերդիմուհամեդովի հետ քննարկել են Կասպից ծովով գազատար կառուցելու, ինչպես նաև Իրանի տարածքով գազատար կառուցելու հնարավորությունները.
«Ներկայումս Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները զարգանում են դրականորեն, և ԵՄ-ը հուսով է, որ Իրանի ու «Վեցնյակի» հետ բանակցությունները կավարտվեն հաջողությամբ»: