ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել ԼՂ-ի հարցում բանակցությունները: Այս մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ:
Դրանում նշված է, որ համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ, և որ այդ հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պատմել են ապրիլի 24-25-ին Երևանում ու Բաքվում Ֆրանսիայի նախգահի հետ իրենց երկրների նախագահների ունեցած հանդիպումների մասին.
«Մենք ըընդգծել ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսության ակտիվացման կարևորությունը և շարունակում ենք մինչև ընթացիկ տարեվերջ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստությունը:
Նախարարները պայմանավորվել են նաև համանախագահների հետ միասին միմյանց հետ հանդիպելու մասին` նախագահների հանդիպման օրակարգը ձևավորելու համար և ողջունել են համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան»:
ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված` նշվել է. «Մեր երեք երկրներից և ոչ մեկը, ոչ էլ որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ ու ինքնիշխան երկիր:
Հետևաբար մենք չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող և ընդգծում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կամ էլ ընթացիկ բանակցությունների ելքը»: