Վիեննայի դատարանը հրաժարվել է Ֆիրտաշին արտահանձնել ԱՄՆ-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ուկրաինացի օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշին չեն արտահանձնի ԱՄՆ-ին: 10-ժամյա դատական նիստի արդյունքներով նման որոշում է կայացրել Վիեննայի դատարանը:
Դատախազը հայտարարել է, որ ամերիկյան կողմի տրամադրած փաստաթղթերը բավական են` արտահանձնման մասին որոշում ընդունելու համար:
Սակայն դատավորը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատասխանել հավելյալ տեղեկատվություն տրամադրելու դիմումին, ինչպես նաև չի բացահայտել երկու անանուն վկաների ինքնությունը, որոնց ցուցմունքների հիման վրա կառուցված է մեղադրականը:
Ֆիրտաշի փաստաբանները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Ֆիրտաշին հետապնդելն ունի քաղաքական դրդապատճառներ և կապված է Ուկրաինայում ազդեցության համար ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «աշխարհաքաղաքական խաղի» հետ:
Նրանք ընդգծել են, որ Ֆիրտաշն ԱՄՆ-ի տեսադաշտում հայտնվեց այն ժամանակ, երբ միջնորդ դարձավ Ռուսաստանից գազի արտահանման հարցում:
Դատական գործընթացի ավարտից հետո դատավորը հայտարարել է, որ Ֆիրտաշը կարող է լքել Ավստրիան, սակայն նրա ներդրած 125 միլիոն եվրոյի գրավը պետք է մնա երկրում` մինչև որ որոշումը մտնի օրինական ուժի մեջ:
Ֆիրտաշի խոսքերով` դատախազն արդեն իսկ բողոքարկել է որոշումը: Ֆիրտաշին Վիեննայում ձերբակալել են 2014 թվականի մարտի 12-ին, իսկ մեկ տարի անց ազատ են արձակել երկիրը չլքելու վերաբերյալ նրա ստորագրությունից և Ավստրիայի համար ռեկորդային համարվող 125 միլիոն եվրոյի գրավից հետո:
ԱՄՆ-ը Ֆիրտաշին մեղադրում է Հնդկաստանում տիրատնի հանքավայրերի մշակման իրավունք ստանալու համար կաշառք տալու մեջ, ինչը գործարարին հնարավորություն կտար ընդգրկվել տիտանի համաշխարհային խոշորագույն արտադրողների եռյակում: